Հասարակություն

ՄԻԵԴ-ի վճռից հետո այնքան էլ հեշտ չէ հայկական կողմի վիճակը.Լարիսա Ալավերդյան

hasmikdilanyan
Հունիսի 20-ը  ՄԱԿ-ը  հռչակել է  Փախստականների միջազգային օր: Օրվան ընդառաջ, այսօր լրագրողների հետ է հանդիպել Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ալավերդյանը վկայակոչելով Փախստականների միջազգային օրվա առիթով՝ ՄԱԿ-ի հանձնակատարի ամենամյա հայտարարությանը, նկատել է, թե այս անգամ այն աչքի է ընկել ծայրահեղ անհանգստությամբ: Մարդու իրավունքների  առաջին պաշտպանը նաև անդրադարձել է օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  կայացրած երկու վճիռներին:

 


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատն  օրեր առաջ՝  հունիսի 16-ին,  հրապարակեց «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» երկու գործով վճիռներ, որոնք վերաբերում են սեփականության իրավունքի ոտնահարումներին: Առաջին գործով գանգատաբերը  Լեռնային Ղարաբաղի Բերձորի շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքն էր, երկրորդ գործով՝ Սարգսյանների ընտանիքը` ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գյուլիստան գյուղից:

Այս երկու ընտանիքներն էլ իրենց տներից դուրս են եկել 1992-1994 թվականներին` պատերազմի հետևանքով: Իսկ պատերազմի ավարտից հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալու և տնօրինելու իրենց սեփականությունը:

Երկու ընտանիքներն էլ պահանջել էին վերականգնել իրենց խախտված  սեփականության իրավունքը: ՄԻԵԴ-ը երկու ընտանիքների ներկայացրած պահանջներն էլ բավարարել է,  և համապատասխանաբար Ադրբեջանին ու Հայաստանին պարտավորեցրել է քայլեր ձեռնարկել` խախտված իրավունքի վերականգնման ուղղությամբ:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ  ՄԻԵԴ-ի վճիռներով  նոր փուլ է մտնում ադրբեջանահայ փախստականների հարցը. «Այս հարցում կարելի է կիսել որոշ փորաձագետների կարծիքը, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել նման վճիռներից՝ անարդար պտուղներ քաղելու համար: Այնքան էլ հեշտ չէ հայկական կողմի վիճակը: Պետք է ամեն ինչ հստակեցվի: Պետք է անմիջապես աշխատանքի անցնեն բոլոր իրավասու մարմինները»:

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ վճիռները մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն, դրանք ի դեպ, նաև նախադեպային բնույթ ունեն:

ՄԱԿ-ը հունիսի 20-ը հռչակել է  Փախստականների միջազգային օր «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ընդգծում է  որ աշխարհում  փախստականների թիվն աճում է  արագ տեմպերով՝ մեկ տարվա ընթացքում ավելացել են շուրջ 8 մլն-ով:

Ալավերդյանը, վկայակոչելով Փախստականների միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի հանձնակատարի ամենամյա հայտարարությանը, նկատում է, թե այս անգամ այն աչքի է ընկել ծայրահեղ անհանգստությամբ:

«Այդ հայտարարությունն այն մասին էր, որ երբևիցե չի եղել փախստականների թվի այսքան մեծ տեմպով աճ: Եթե տասը տարի առաջ փախստականների թիվն  աշխարհում կազմում էր 51 մլն-ից մի փոքր ավելի, ապա միայն 2014թ-ի վերջին տվյալներով 59 մլն-ից ավելի է: Նաև նշվում է, որ  եթե 2003-2013թթ-ը աճը եղել է 31-ից 38 մլն, ապա մեկ տարվա մեջ այն 51 մլն-ից դարձել է 59 մլն»:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքով,  աշխարհի յուրաքանչյուր 122-րդ անձ փախստական է, և եթե աճը շարունակվի, ապա կստացվի, որ երկրագնդի բնակչության 1%-ը փախստականի կամ ներքին տեղահանվածի կարգավիճակում է:

Ցուցադրել ավելի
Back to top button