Տնտեսական

Հայաստանը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան

karenghazaryan
90-ականների էներգետիկ ճգնաժամից Հայաստանը դասեր է քաղել: Դրանից ելնելով որդեգրվել են սկզբունքներ, որոնցով կառուցվում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Հայաստանը ատոմակայանի օգտագործմանն այլընտրանք չունի: Այս մասին այսօր ՆԱՏՕ-ի «Ռուս Ռոթ» երեւանյան սեմինարի ընթացքում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը ոլորտում ունի մեծ հնարավորություններ, այդ թվում՝ եվրոպայի հետ էներգետիկ կապի առումով, որոնք, սակայն, կարելի է իրողություն դարձնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման դեպքում:

 

Հայաստանը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան՝ հնարավորինս մեծացնելով նաեւ ընդհանուր արտադրանքի մեջ վերականգնվող սեփական ռեսուրսների մասնաբաժինը: Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը շեշտեց, որ Հայաստանը ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու այլընտրանք չուներ:

«Մենք երկարեցրեցինք մեր գործող էներգոբլոկի կյանքը մինչեւ 2026 թվականը եւ այդ ուղղությամբ շուրջ 300 մլն դոլար ենք ծախսելու: Այդ գումարները մեզ տրամադրել է Ռուսաստանը՝ «Ռոսատում» կոնցեռնը եւ մենք համատեղ այդ աշխատանքները կազմակերպում ենք: Ժամկետը ընտրված է այնպես, որ մենք 27 թվականին պետք է փոխարինենք այդ բլոկը նոր ատոմային բլոկով, որտեղ կօգտագործվեն լավագույն տեխնոլոգիաները, որոնք հայտնի են այս պահին շուկայում»:

Բանակցային գործընթացը շարունակվում է:  Հայաստանը հույս ունի, որ արդեն 2018 թվականին կսկսվեն շինարարական աշխատանքները: Ծրագրի համար պետությունը վարկային ռեսուրսներ չի վերցնելու: Ներգրավվելու են միայն ներդրողներ: Որպես ներդրող մասնաբաժին կունենա նաեւ պետությունը: Արեգ Գալստյանը շեշտեց, որ միաժամանակ զարգացվելու են վերականգնվող էներգոռեսուրսները, հատկապես՝ հիդրոէներգետիկան: Նպատակ կա ընդհանուրի մեջ այստեղ արտադրանքի մասնաբաժինը հասցնել մինչեւ 40 տոկոսի: Հայաստանը ոլորտում ունի չօգտագործված հնարավորություններ՝ եվրոպայի հետ էներգետիկ կապի հեռանկար, նաեւ՝ գազի տարանցման հնարավորություն: Հայաստանը պատրաստ է դրան, սակայն, նման հեռանկարները պահանջում են բարդ քաղաքական խնդիրների լուծում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Հենց այդ բարդ քաղաքական խնդիրների պատճառով Հայաստանը դուրս թողնվեց գազատարների կառուցման ծրագրերից: Այն դեպքում՝ երբ Հայաստանն էր ամենակարճ ուղին: «E-cube» ՀԿ նախագահ Արա Մարջանյանի ելույթից մի հատված.

«Ինժեներական տեսանկյունից Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի, եւ Արեւմուտքի միջեւ առկա է համագործակցության էական ներուժ: Խնդիրն այստեղ այլ է՝ հնարավո՞ր է արդյոք մոռանալ քաղաքականությունը եւ այս ներուժը փոխարկել ռեալ համագործակցության: Իսկ համագործակցության ուղիներն այստեղ բազմապիսին են»:

Մինչ օրս միտումներն այդ առումով լավատեսության հիմք չեն տվել՝ նկատեց Արա Մարջանյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, մասամբ՝ նաեւ Վրաստանի կողմից Հայաստանի շրջափակման հետեւանքով կորուստները կազմել են մոտ 20 մլրդ եվրո: Դա ավելի մեծ թիվ է, քան երեք նոր ատոմակայանի կառուցումն ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում զգալի ծրագրերի իրականացումը:

« Շարունակվող շրջափակումը սանձում է մեր զարգացումը, խարխլում է մեր էներգետիկ անվտանգությունը, թուլացնում է մեր ազգային անվտանգությունը»:

Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշումը վիժեցրեց տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ իրական համագործակցության կառուցումը՝ ՆԱՏՕ-ական խորհրդարանականներին հիշեցրեց ՀԿ նախագահը: Հայաստանը տասնամյակներ շարունակ եղել է էլեկտրականություն արտահանող երկիր եւ պատրաստ է վերգտնել իր այդ դերը: Տարածաշրջանային երկարատեւ էներգետիկ անվտանգության եւ համագործակցության բանալին Հայաստանի ապաշրջափակումն է եւ նրա ներգրավումը ոլորտի ծրագրերում՝ ձեւակերպեց Արա Մարջանյանը:

Լոնդոնի Քինգզ քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանին էլ, կարեւորելով Հարավային Կովկասի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից, համաձայնեց, որ գազային տրանզիտ ծրագրերում Հայաստանն ամենակարճ ճանապարհն էր, սակայն, նրա խոսքով, աշխարհաքաղաքական հարցերն իրենց դերն ունեցան: Նա հավելեց, որ Եվրոպայում բավականին երկար ժամանակ քննարկումներ են ընթանում, սակայն, դեռ պարզ չէ, թե ինչ է պետք անել Հարավային Մինջանցքի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button