Հասարակություն

ԼՂՀ առողջապահության նախարար Քուշկյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Վաղը՝ հունիսի 21-ին, Հայաստանում եւ Արցախում նշվում է Բուժաշխատողի օրը: Այդ կապակցությամբ ԼՂՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Հունիսի 21-ն Արցախում նշվում է Բուժաշխատողի օրը: Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա առիթով՝ ցանկանալով բազմաթիվ հաջողություններ: Այս օրը հնարավորություն է ևս մեկ անգամ հետադարձ հայացք նետել մեր անցած ճանապարհին, գնահատել կատարած աշխատանքը և կազմել նորանոր ծրագրեր: Բժշկի մասնագիտությունը կա ու կմնա ամենակարևորներից մեկը: Մենք պետք է մշտապես հիշենք՝ մեր աշխատանքից ու նվիրվածությունից է կախված կյանքում ամենակարևորը` մարդու առողջությունը, շատ դեպքերում՝ կյանքը: Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, մենք արդեն երկար ճանապարհ ենք անցել միասին ու կարող ենք վստահ ասել, որ Արցախում առողջապահական համակարգը հաստատուն քայլերով, սրընթաց գնում է բարեփոխումների ճանապարհով: Կարևոր մի շարք ծրագրեր արդեն իրականություն են: Զուգահեռաբար ընթանում են բուժօգնության որակի և մատչելիությանը միտված բազմաթիվ այլ ծրագրեր, հիմնանորոգվում և կառուցվում են նոր հիվանդանոցներ: Ես կարող եմ վստահ ասել, որ յուրաքանչյուր նոր ծրագիր կյանքի է կոչվում նաև ձեր սրտացավության շնորհիվ: «Արցախցին պետք է բուժվի Արցախում». սա մեր կարգախոսն է ու այն կյանքի ենք կոչում ձեզ հետ ամեն օր՝ մեծ ու փոքր ծրագրերով: Արցախի հասարակությունը վստահում է բուժաշխատողին և դա տեսանելի է: Մենք դեռևս շատ անելիքներ ունենք, որոնք դատապարտված են հաջողության: Հավատացնում եմ ձեզ, որ ունենալու ենք որակյալ, մատչելի բուժօգնություն Արցախում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենակարևորը՝ առողջություն և թող միշտ խաղաղ լինեն մեր հանրապետության սահմանները»:

Ցուցադրել ավելի
Back to top button