Քաղաքական

ՍԾՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 32-րդ հանդիպումը Մոլդովայում

Հունիսի 18-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Մոլդովայի 6-ամսյա նախագահության արդյունքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել և ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նա նշել է, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը ջանքեր է գործադրել տարբեր բնագավառներում տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցության խթանման, կազմակերպության ծրագրային օրակարգի իրականացման, ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական շահերի առաջ մղման ուղղությամբ: Կարևորվել է նաև կազմակերպության արդյունավետության բարելավման անհրաժեշտությունը:

Որպես կազմակերպության ներսում համագործակցության լավագույն օրինակներից մեկը նշվել է` ՍԾՏՀԿ Նախագծերի կառավարման նորաստեղծ մարմնի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա ստեղծելու վերաբերյալ խոշոր ենթակառուվածքային նախագիծը: Նշվել է, որ ՍԾՏՀ-ն բացառապես տնտեսական ուղղվածության կազմակերպություն է, և դատապարտվեցին Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումներն ու կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու հերթական փորձերը: Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվել են մի քանի տասնյակ որոշումներ և առաջարկություններ: Նախագահությունը կազմակերպությունում հերթական վեցամսյա ժամկետով փոխանցվել է Ռումինիային:

Ցուցադրել ավելի
Back to top button