Հասարակություն

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն այս տարի կաջակցի 361 ընտանիքի

aidaavetisyan

Արարատյան Հայրապետական թեմն այս տարի ևս կազմակերպել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագիրը: Ինչպես  նախորդ տարի,  այս տարի ևս  ծրագրի շրջանակներում հավաքագրվել է  50 միլիոն դրամ, որն էլ կբաշխվի  ՀՀ ՊՆ սոցիալական վարչության տրամադրված ցուցակով:   Ծրագրի նպատակն է աջակցել իրենց կյանքն ու առողջությունը հանուն հայրենիքի նվիրաբերած զինվորների ընտանիքներին: Այս տարվա ծրագրով նախատեսվում է օգնությունը տրամադրել  361 ընտանիքի:

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը մեկնարկել է 2014 թվականին Սուրբ Սարգսի տոնին: Տոնը նվիրված է  երիտասարդներին ու զինվորներին: Եվ այս կապակցությամբ էլ  Արարատյան Հայրապետական թեմը  առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ որոշել է օգնության ձեռք մեկնել սոցիալապես անապահով զիվորներին և նրանց ընտանքիներին:

Ծրագրի շրջանակներում, ինչպես նախորդ տարի,  այս տարի ևս  հավաքագրվել է  50 միլիոն  դրամ, որն էլ նախատեսվում է  տրամադրել 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015 թվականի հունիսի մեկի դրությամբ շփման գծում զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին և  ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2015 թվականի հունիսի մեկի դրությամբ հաշվառված առաջին և 2010-ից 2015 թվականների հունվարի 31-ի դրությամբ հաշվառված երկրորդ և երրորդ խմբերի զինհաշմանդամներին:

Ծրագրում ընդգրկված զոհված ընտանքիներից յուրաքանչյուրին  կտրամադրվի 350 հազարական դրամ, առաջին խմբի զինհաշմանդամներին՝ 160 հազար, երկրորդ խմբին՝ 130, իսկ երրորդ խմբին՝ 100 հազարական դրամ օգնություն:  Ծրագիրը կմեկնարկի հունիսի 23-ին՝    Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Նախ  զոհվածների համար կմատուցվի  հոգեհանգստյան պաշտոն, այնուհետև կբաշխվեն դրամները։

Նշենք, որ  օգնությունը տրամադրվելու է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով: Արարտյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը ծրագիրը համարում է աննախադեպ, քանի որ հնարավորություն է ընձեռում  օգնության կարիք ունեցողին օգտակար  և նյութապես աջակից լինել:

Թեև պաշտոնապես Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերը պետք է իրականացվեն    Երևանում և  Արմավիրում, սակայն աշխարհագրությունն ավելի ընդգրկուն է։ Սահմանամերձ Ճամբարակ գյուղն անընդհատ  գտնվում է կրակահերթի տակ: Այստեղ անցյալ տարի իրականացվել է երկու բարեգործական ծրագիր՝ 382 երեխաների տրամադրվել է օգնություն և 30 երեխաներ էլ իրենց ակտիվ հանգիստն անցկացրել են  Երևանում։ Արարատյան Հայրեպատական թեմը հուլիսի  վերջին  նախատեսում է այց Ճամբարակ, որտեղ փորձելու են բարեգործական ծրագրերը դարձնել շարունակական:

Ցուցադրել ավելի
Back to top button