Քաղաքական

Բաց սահմանները ավելի կօգնեն հակամարտությունների կարգավորմանը, նշվեց ՆԱՏՕ- ի սեմինարում

karenghazaryan

«ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում. բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս» եւ «Փակ սահմաններ. տնտեսական զարգացման, կայունության եւ խաղաղության մարտահրավերները»: Այս խորագրերով են անցկացվել ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոուդ»  երեւանյան սեմինարի այսօրվա վերջին երկու նիստերը։

Կարեւոր է այն ընկալումը, թե ինչ է անհրաժեշտ երկրին՝ Զինված ուժերում բարեվարքությունը ամրապնդելու միջոցով անվտանգությունը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախկին գլխավոր քարտուղար, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ավագ գիտաշխատող Այմոն Լայնի խոսքով՝ խնդիրն ընդգրկում է տարբեր հարցերի մի ամբողջ տիրույթ, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը կամ պաշտպանական համակարգի ծառայությունների նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը։

Այդ ամբողջական համակարգն է հենց բարեվարքությունը, որի պակասը հանգեցնում է ամենատարբեր բացասական երեւույթների: Զինված ուժերում բարեվարքության ամրապնդման հայկական փորձը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա վստահեցրեց, որ Հայաստանը շահագրգռված է այդ հարցում: Գործնականում էլ, օրինակ, դրված է հետեւյալ խնդիրը. «Կառավարման էթիկայի խախտմամբ եւ կոռուպցիայի հիման վրա խարսխվող համակարգի բացառումը դառնում է մեզ համար առաջնային խնդիր: Ընթացիկ բարեփոխումների համար կոռուպցիան համարում ենք լուրջ խոչընդոտ, սպառնալիք, չարիք, բայց մենք նաեւ գիտենք, որ կոռուպցիան վտանգ է, որը սերտորեն կապված է այլ երեւույթների հետ: Այս փուլում մենք ավելի շատ կենտրոնանում ենք լավ կառավարման գործիքների ներդրման եւ էթիկայի կանոների զարգացման վրա, որոնք անչափ կարեւոր քայլեր են բարեփոխումներին խանգարող ստվերային երեւույթները վերացնելու ուղղությամբ»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն իր ելույթում կոռուպցիայի կառավարումը կարեւոր համարեց՝ կարծիք հայտնելով նաեւ, որ այդ առումով Հայաստանը առաջընթաց ունի եւ որ կա անկեղծ  պատրաստակամություն՝ վերցնելու լավագույն փորձը։ Ռիչարդ Կիրակոսյանը կարեւորեց նաեւ որոշ ուղղություններով թափանցիկության խնդիրն ու հաշվետվողականության անհրաժեշտությունը, որ ղեկավարները պատասխանատու լինեն իրենց որոշումների ու գործողությունների համար: Փորձագետը որոշ մտահոգիչ երեւոյթներ էլ առանձնացրեց, օրինակ, նրա գնահատմամբ, փակ տնտեսական համակարգը։

Փակ սահմանների պայմաններում տնտեսական զարգացման, կայունության եւ խաղաղության մարտահրավերները սեմինարի այսօրվա վերջին նիստի քննարկումների թեման էր: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը շեշտեց, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացումն է առանց նախապայմանների: Բաց սահմանները ավելի կօգնեն հակամարտությունների կարգավորմանը: Դա հնարավոր չի թվում, սակայն պետք է անել հնարավորն ավելի լավը ապահովելու համար: Ճնշումները մեկուսացման միջոցով չեն կարող որեւէ կառուցողական արդյունքի հանգեցնել, շեշտեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Բաց սահմաններն օգտակար կլինեն բոլորի համար, իր ելույթում ասաց Եվրոպական քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլը: Կիսելով փակ սահմանների վերաբերյալ արված դիտարկումները՝ Անկարայի քաղաքականության կենտրոնի միջազգային հարցերի ծրագրի համակարգող, ավագ գիտաշխատող Բուրչո Գյուլթեքին էլ նկատեց, սակայն, որ նման խնդիր Թուրքիայի օրակարգում չկա: Նա նաեւ դժվարացավ ասել, թե ձեւավորվելիք կոալիցիոն կառավարությունն ինչ վերաբերմունք կունենա տվյալ հարցում, ապա շեշտեց, որ Թուրքիայում շատ մարդիկ կան, որոնք նորմալ չեն համարում փակ սահմանները։      

Ցուցադրել ավելի
Back to top button