Տնտեսական

Նոր թանկացումներ ենթադրող նախագիծը՝ խորհրդարանում

lenabadeyan
Աժ արտահերթ նիստում այսօր քննարկվել է նոր թանկացումների հեռանկար: Համենայնդեպս, այդպես են պատգամավորները գնահատում կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու նախագիծը: Նախատեսված է, որ այն ուժի մեջ կմտնի 2016 թվականից, սահմանում է նոր հարկատեսակներ եւ ՀՀ բյուջետային եկամուտների սպասելիքը այս ամենից կազմում է 9 միլիարդ դրամ: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պարզաբանում է, թե ինչ հարկատեսակների մասին է խոսքը:

«Առաջարկվում է 10 տոկոսով վերանայել եւ ավելացնել ծխախոտի արտադրանքի եւ օղու ակցիզային հարկի դրույքաչափը, այնպիսի ենթաակցիզային ապրանքներ ալկոհոլային խմիչքներից, ինչպիսիք են կոնյակը, գինին, այս ապրանքատեսակներին չի վերաբերում նախագիծը՝ հաշվի առնելով այս ոլորտնեի գերակա ուղղությունը ՀՀ տնտեսության զարգացման գործում: Երկորդ՝ առաջարկվում է վառելիքի տեսակների ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայում: Մասնավորապես բենզինի համար 112 հազար դրամ է սահմանված, դիզելային վառելիքը՝ 120 հազար դրամ, գազալցակայաններում սեղմված գազը՝ 8330 դրամ»:

Փոխնախարարը հստակ հաշվարկ եւ համոզմունք չներկայացրեց, բայց ասաց. «հավանականությունը մեծ է, որ գների վրա ազդեցություն չի կարող ունենալ»: Փոխնախարարի այս խոսքերին թերահավատորեն վերաբերվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Չեմ կարողանում հասկանալ, թե էս նեղ մաջալին ի՞նչ իմաստ ունի նման թանկացումների բերել: Դուք ասում եք հավանական է չթանկանա բենզինը, եթե 6 դրամ ակցիզային հարկ է թանկանում, ո՞նց է հնարավոր որ չթանկանա: Կամ նույն օղու եւ ծխախոտի հետ կապված: Ես տեղական արտադրողի հետ խոսել եմ թե՛ Վանաձորում, թե՛ այստեղ մարդիկ ուղղակի սարսափած են: Ես չգիտեմ, թե դուք ինչ եք վերլուծել, որ չի ազդելու, նրանք առանց այդ էլ ասում են, որ 50 տոկոսով շրջանառությունն ընկել է, բա ինչի՞ են մարդիկ այդքան վախեցած»:

«Փորոթիկ անապատում». սա է կառավարության ներակայցրած նախագծի իրական անվանումը, իր հերթին պնդում է Դաշնակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ կառավարությունը Աժ է ներկայացրել «ակնհայտորեն հակատնտեսական կամ մեր տնտեսությանը հակադրվող նախաձեռնություն»:

Արծվիկ Մինասյան.«Թույլ տվեք չհամաձայնել ձեր բերած փաստարկների հետ: Պատկերացնու՞մ եք, որ սրանով, եթե դուք սեղմված գազը բերում եք ակցիզային հարկով հարկման դաշտ, իսկ այդ հարկը որպես անուղղակի վճարողը սպառողն է, դուք մի կողմից վնաս եք տալիս, սպառողների կենսամակարդակն եք նվազեցնում, մյուս կողմից՝ ակնհայտորեն ձեզ մեղադրանք եք ներկայացնում առ այն, որ սպասարկում եք բենզինի ներկրմամբ զբաղվող անձանց շահերը: Եթե ակցիզային հարկի քաղաքականությունում փորձում եք ներկայացնել բոլոր ուղղությունները, ո՞ւր է գարեջուրը: Գարեջուրը քի՞չ է, թե մեր ռազմավարական ուղղությունների՞ց է»:

Դաշնակցական պատգամավորի միտքը շարունակեց Բարգավաճ Հայաստանից պատգամավոր, Աժ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

« Ես էլ եմ ձեզ հորդորում, եկեք սա հետ վերցրեք, մեկ անգամ էլ մեզ վստահեք, էլի: Բա 9 միլիարդի համար պե՞տք է դուք բերում եք այսպիսի բաներ եք անում: Մի խոսքով մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու եւ ես պահանջում եմ, որ անպայման լինեն քննարկումներ եւ անպայման ամբողջ պատկերը ներկայացվի»:

Ի դեպ՝  պատգամավորներից ոմանք քննադատությունների ժամանակ արդեն կանխատեսում են՝ եթե դիզվառելիքը, գազը կամ բենզինը թեկուզ եւ մի փոքր թանկանա, ապա անպայման առաջին հերթին առաջ է գալու հանրային տրանսպորտի սակագների թանկացման հարցը եւս:

Ցուցադրել ավելի
Back to top button