ԿարևորՔաղաքական

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի ԽՎ Ռոուզ-Ռոթ եռօրյա սեմինարը (լրացված)

լրացվել է ժամը 16։51- ին

karenghazaryan
Երեւանում մեկնարկել է  «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ եռօրյա սեմինարը։ Սեմինարի առաջին օրը ելույթ են ունեցել ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը։

 

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի  «Ռուուզ Ռոթ» սեմինարը Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ: Երեւանյան սեմինարի թեման Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունն է, տարածաշրջանում տեւական խաղաղությանը նպաստելու քայլերը: Հայաստանը հետամուտ է ՆԱՏՕ-ի հետ ակտիվ եւ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը՝ ողջույնի խոսքում արձանագրեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ գնահատելով անցած շրջանում տարբեր ոլորտներում համագործակցությունը:

«Տարածաշրջանային հակամարտությունների եւ բաժանարար գծերի հաղթահարմանը մեծապես կարող է նպաստել տարածաշրջանային համագործակցության եւ երկխոսության զարգացումը, ընդհանուր շահերի ու մտահոգությունների վրա հիմնված փոխադարձ շահավետ լուծումների առաջադրումը, ինչը բոլորից կպահանջի միասնական ջանքերի գործադրում եւ քաղաքական կամքի դրսեւորում»:

ԼՂ խնդրի կարգավորումը պետք է հիմնվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ու իրականացման վրա՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան՝ փոխանցելով ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի համուզմունքը շեշտեց Գալուստ Սահակյանը:

ԼՂ կարգավորման հարցին անդրադարձ կատարեց նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Պաոլո Ալլին:

Հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն առաջնային նշանակություն ունի: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ դրանց ուղղված ջանքերը պետք է ընթանան համաձայնեցված ձեւաչափերի շրջանակներում: Պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել այդ բանակցային գործընթացները: ԼՂ-ի դեպքում այդ ձեւաչափը Մինսկի խումբն է:

«Սա միակ կոնֆլիկտն է միջազգային հարաբերութուններում, որի վերաբերյալ երեք երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ունեն միասնական մոտեցում, թե ինչպես պետք է խնդիրը լուծվի: ԼՂ հարցի շուրջ 5 կարևոր հայտարարություններ են եղել՝ կոնֆլիկտի հաղթահարման ուղղությամբ, որոնք պարզապես հայտարարություններ չեն եղել, թե եկեք խաղաղ ապրենք, այլ եղել են մանրակրկիտ ուսումնասիրված առաջարկներ: ՀՀ ամեն հայտարարությունից հետո ասել է, որ պատրաստ ենք այդ առաջարկների հիման վրա գնալ կարգավորման: Այսինքն՝ մեր մոտեցումը  համահունչ է միջազգային հանրության, մասնավորապես՝ եռանախագահների  մոտեցմանը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Հայաստանի արտգործնախարարը բարձրաձայնեց Բաքվի կողմից Մինսկի խմբի համանախագահներին հակադրվելու եւ խաղաղ բանակցությունները ձախողելու ձգտումները: Մինսկի խումբը հստակորեն մատնանշել է ապակառուցողական կողմին:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ անցյալի ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է: «Հենց դրա համար էլ պետությունները չպետք է ստորադասեն այդ վեհ նպատակը որեւէ աշխարհաքաղաքական հաշվարկների ու նեղ շահերի»,-նշեց նա՝ շնորհակալություն հայտնելով այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Տարածաշրջանային անվտանգության խնդիրները Հայաստանի պաշտպանական գերատեսչության տեսանկյունից ներկայացրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա շեշտեց, որ Հայաստանն իր անվտանգային համակարգը կառուցում է բազմավեկտոր ձեւաչափով՝ համադրությունների հիման վրա: Առանձնացրեց նաեւ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում ՆԱՏՕ-ից ունեցած  ակնկալիքները:

«Տարածաշրջանի երկրների հանդեպ ՆԱՏՕ-ից ակնկալվում է հավասարակշռված մոտեցում, նամանավանդ՝ հակամարտող կողմերի հանդեպ: Այս խնդիրն առավել արդիական է՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի կողմնակալ մոտեցումները: ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում պետք է ուղղված լինի այնպիսի մարտահրավերների դեմ, որոնք ընդհանուր են բոլորի համար: Ավելին՝ ընդհանուր մարտահրավերների դեմ ՆԱՏՕ-ի հովանու ներքո համախմբումը կարող է մեծ դեր խաղալ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի ամրապնդման գործում»,- ասաց նախարար Օհանյանը։

ՆԱՏՕ-ի «Ռուզ Ռոուդ» եռօրյա սեմինարի ընթացքում քննարկվելու են տասնյակ թեմաներ: Մասնավորապես՝ եվրաատլանտյան համայնքի հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող, Մերձավոր Արեւելքում ԻԼԻՊ-ի վերելքի եւ հայկական սփյուռքի վրա դրա ազդեցությանը վերաբերող հարցեր, խոսվելու է ԼՂՀ խնդրում միջնորդության դերի մասին: Անդրադարձ կկատարվի նաեւ փակ սահմանների պայմաններում տնտեսական զարգացման, կայունության եւ խաղաղության մարտահրավերների, կխոսվի Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգության մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button