Կրակոցներ եկեղեցում. սպանվել է 9 աֆրոամերիկացի


Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգի Չարլստոն քաղաքում անհայտ անձը կրակ է բացել քաղաքի աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցում, որի այցելուները հիմնականում աֆրոամերիկացիներ են: Զոհվել է 9 մարդ, այդ թվում Հարավային կարոլինայի սենատի անդամ Կլեմենտ Պինկնին: Իրավապահները զանգվածային սպանությունն անվանել են ատելության հողի վրա իրականացված հանցագործություն: Մարդասպանին հաջողվել է փախչել:
Ըստ ոստիկանության տեղեկությունների, նա սպիտակամորթ է, մոտ 20 տարեկան: Իրավապահները նախազգուշացրել են հանցագործի բացառիկ վտանգավորության մասին և հորդորել են քաղաքի բնակիչներին ցուցաբերել զգոնություն:
Ի դեպ, Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հանցագործությունից րոպեներ առաջ նախընտրական հանդիպում է անցկացրել քաղաքի կենտրոնում, մյուս թեկնածուն՝ Ջեբ Բուշը Չարլստոն պետք է այցելեր այսօր երեկոյան, նախընտրական հանդիպումը, սակայն, չեղյալ է հայտարարվել: