Մշակույթ

Տիգրան Համասյանի համերգը՝ Թբիլիսիի Սուրբ Էջմիածնում

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Այսօր ժամը 18:00-ին, 
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի կունենա Տիգրան Համասյանի «Լոյս ի Լուսոյ» խորագրով համերգը: Նույն ծրագրով Համասյանը հանդես կգա նաև Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում` վաղը` 20.00-ին: 

«Լույս ի Լուսոյ»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Այն ներկայացնում են Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: 
Տիգրանի նոր երաժշտական նախաձեռնությունը 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունն է, որը 2015-ի սեպտեմբերին ECM ընկերության հետ համատեղ կթողարկվի ձայնասկավառակի տեսքով:

Երգացանկում հավաքված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները։ Նախագծի շրջանակում Տիգրանը կատարում է նաև Նարեկացու «Տաղ Յարութեան»-ը:

Նախագիծը յուրովի է ներկայացնում հայկական հոգևոր երաժշտությունը, երախտագիտություն հայտնում դրա հիմնադիրներին՝ հնչեցնելով նրանց աշխատանքները հին եկեղեցիներում ու վանքերում, որտեղից այն սկիզբ է առել: Պահպանելով 8 ձայնեղանակային համակարգը և օրենքները, նախագծով նոր իմպրովիզացիոն մտածելակերպ և շունչ է հաղորդվում հայկական հոգևոր երգեցողությանը:

«Լոյս ի Լուսոյ»-ի շրջագայությունը սկսվել է մարտի 24-ին երևանյան պրեմիերայով և շարունակվում է: Նախագծի շրջանակում համերգներ են լինելու Ստեփանակերտում և Գյումրիում, այնուհետև նաև Թուրքիայում: Տարվա ընթացքում համերգներով հանդես են գալու Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Անգլիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի 100 եկեղեցում:

Ցուցադրել ավելի
Back to top button