Սպորտ

Պատիժ դեռ չի նշանակում ազատազրկում. պրոբացիոն համակարգի ներդրումը սկսված է

lianaeghiazaryan
Համակարգակենտրոն մոտեցումից անցում անձակենտրոն մոտեցման: Այս հիմնական գաղափարն է դրված պրոբացիոն համակարգի հիմքում, որի ներդրման գործնական առաջին քայլը Հայաստանում արվել է այսօր: Պրոբացիոն համակարգը դեռ փորձնականորեն կկիրառվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում, իսկ արդեն առկա փորձի հիման վրա եկող տարեսկզբին ներդրված կյլինի արդեն ողջ հանրապետությունում: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հայտարարել է` չնայած բոլոր մտավախություններին` կա համապատասխան քաղաքական կամք, որպեսզի այսօր կիրառվող միայն բանտային պատիժներին մասամբ փոխարինելու գան այլընտրանքային պատժատեսակներ:

 

2016թ. հունվարին հանրապետությունունում արդեն ամբողջապես ներդրված կլինի  պրոբացիոն ծառայությունը: Առաջին քայլը դեռ փորձնական ծրագրերի միջոցով մեկնարկեց այսօր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի մասնակցությամբ` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի և Վանաձորի այլընտրանքային պատիժների իրականացման ստորաբաժանումների հիմքի վրա: Հայաստանում Պրոբացիայի ծառայության հիմնումը դեռ երկար ճանապարհ ու տարատեսակ գործընթացներ պետք է անցնի: Մանուկյանն այս առոմով այսօր շեշտեց`  այս նպատակով համապատասխան ծառայություններ ու ծառայողներ  են վերապատրաստվելու, սոցիալ-հոգեբանական հմտություններ ձեռք բերեն ու զարգացնեն, իսկ միջազգային որոշ կառույցներ ու սա հաջողած երկրներ, մասնավորապես, Եվրախորհուրդն ու Նորվեգական կառավարությունն օգնելու են վերհանել խնդիրները, որպեսզի օրենսդրորեն ճիշտ, գրագետ և արդյունավետ լուծումներ տրվեն  Պրոբացիոն ծառայությանը:

Հայաստանում արդեն 13 տարի է` խոսվում է պրոբացիոն ծառայության հիմնման մասին: Սա կատարվում է 2012-16թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակում, Ազգային ժողովն արդեն հաստատել է հայեցակարգը, մշակվել է «Պրոբացիոն ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը լրացումների փուլում է:  Առաջին քայլն արդեն արված է, շեշտում է Հայաստանում Եվրոպական խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Նաիրա Ավետիսյանն ու փոխանցում` ըստ ամենայնի ծրագրի առաջին շահառուները կլինեն կանայք ու անչափահասները: Բայց ողջ այս ընթացքում հնչել են մտավախություններ: Համակարգի ներդրմանը խոչընդոտող թիվ մեկ հանգամանքը ներկայիս քրեակատարողական համակարգի կոռումպացվածությունն է, պնդում են մի շարք փաստաբաններ: Այո, ասում է նախարարը, տարիներ առաջ շատ էին Պրոբացիոն ծառայության ընդդիմախոսները, նշում էին, որ երկիրը, մարդիկ պատրաստ չեն, համապատասխան մենթալիտետ չկա: Բայց նման խնդիր չկա, համոզված է ոլորտի պատասխանատուն, պետք է չվախենալ ու գնալ առաջ:  Այս համատեքստում արդարադատության նախարարը շեշտում է հստակ քաղաքական կամքը` Հայաստանում ստեղծել արդյունավետ գործող Պրոբացիոն ծառայություն: Սա նշանակում է ոչ միայն քրեակատարողական հիմնարկների բեռնաթափում, անձանց հանդեպ անհատական մոտեցում, այլեւ բյուջետային խնայողություններ:

«Զուտ տնտեսագիտական տեսակետից սա նաեւ պետական միջոցների խնայողության կբերի: Պարզ հաշվարկներով` պրոբացիոն ծառայության վերահսկողության տակ գտնվող անձի ծախսերը մոտավորապես 10 անգամ ավելի քիչ են, քան քրեակատարողական հիմնարկում պահվող անձի համար հատկացվողը»:


Ի վերջո` ինչ է պրոբացիոն համակարգն, ու որոնք են ակնկալիքները: Հիմնական գաղափարը հետեւյալն է` պատիժ դեռ չի նշանակում ազատազրկում: Այսինքն` թեթեւ ու միջին ծանրության հանցանք գործած անձանց համար կիրառվում են պատժի այլընտրանքային միջոցներ` բանտ ուղարկելու փոխարեն համայնքում թողնել անձին` նրա համար հարկադիր աշխատանք նախատեսելով, տնային կալանքի, էլեկտրոնային դիտարկման կամ անձի տեղաշարժը հսկելու հետ միասին: Այս հասցեաական խմբերի համար և դրանց հետ պետք է աշխատի պրոբացիան:

Ակնկալվում է, որ համայնքային պատժատեսակներով աշխատելն անձանց վրա ավելի լավ կազդի, քան բանտարկումը, իսկ բանտարկումը պետք է կիրառել միայն նրանց համար, ովքեր վտանգավոր են, և ռիսկ կա, որ ծանր հանցանքներ կգործեն: Պրոբացիոն ծառայություն կա եվրոպական երկրներից 26-ում: Ծառայության հիմքում 4 բաղադրիչ է` հանցանք գործող անձի հետ տարվող աշխատանքներ մինչդատական փուլում, ազատազրկման փոխարեն, կալանավայրերում և ազատազրկումից հետո: Ծառայությունը որպեսզի աշխատի, որ դատավորներն էլ փոխեն իրենց մտածելակերպն ու միջին ծանրության հանցագործություն կատարած անձանց ուղղորդեն պրոբացիոն ծառայություն, ոչ թե քրեակատարողական հիմնարկ: Ծառայությունը մեկ այլ կարեւոր խնդիր էլ ունի` անձի ուղղում` աջակցելով հանցագործություն կատարած անձի հետագա սոցիալական ներգրավմանը, նաև հանրային անվտանգությանը նպաստել:

Ցուցադրել ավելի
Back to top button