Հասարակություն

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները շարունակելու են պայքարը

karenghazaryan
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ շարունակելու են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը: Նրանք կոչ են արել քաղաքացիներին՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար մասնակցել հունիսի 19-ին «Ազատության» հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքին: «Իշխանությունը հերթական անգամ չլսեց ժողովրդի ձայնը եւ պաշտպանեց անհատի շահ՝ հայտարարելով հոսանքի գնի ապօրինի թանկացման մասին, ինչը բացասաբար է անդրադառնալու ժողովրդի սոցիալական վիճակի եւ երկրի տնտեսության վրա»,-նշել է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ նախաձեռնության պայքարին:

 

 

Հերթական անգամ երկրում ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները՝ տուրք տալով անհատի սպառնալից խոսքերին: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը՝ հունիսի 19-ին «Ազատության» հրապարակում հրավիրելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի հանրահավաք: Քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մաքսիմ Սարգսյան.

«Ժամը 18.30-ին հավաքվելու ենք նորից «Ազատության հրապարակում ու ցույց ենք տալու, որ ժողովուրդը պահանջատեր է մինչեւ վերջ՝ Սահմանադրությամբ իրեն տրված բոլոր իրավունքներով պայքարելու է իր իրավունքի իրացման համար»:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը կարեւորեց պայքարի կոնկրետ քայլերով իրավունքների պաշտպանությունը: Նա համոզված է, որ խնդիրը միայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ չի ավարտվում, այլ դրան հետեւելու են շատ այլ խնդիրներ, ուստի օր առաջ դրանց կանխարգելումն ուղղակի անհրաժեշտություն է.

«Ավելի լավ է սրանով կանխենք դրանք, քան արդեն հետեւանքների մասին սկսենք մտածել»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Արամ Մանուկյանը շեշտեց, թե ունեն հստակ պահանջ եւ բացառում են որեւէ երկխոսություն իշխանությունների հետ: Իրենց պահանջն իրականություն դարձնելու համար պատրաստ են օրենքի շրջանակներում պայքարել այնքան, որքան կներեն իրենց հնարավորությունները:

«Դա ամբողջովին կախված է ժողովրդի՝ փողոց դուրս գալու հետ: ՀՀ-ում այն իրավիճակն է, որ ոչ մի ատյան արդյունք չի տալիս. ցանկացած որոշում ի վնաս ժողովրդի է: Դրա համար էլ մենք ընտրել ենք փողոցը եւ կպայքարենք մեր իրավունքները հաստատելու-նվաճելու համար»:

Հետագա քայլերի մասին նախաձեռնության անդամները չհրապարակեցին: Ասացին միայն, որ նահանջելու տեղ չունեն, խնդիրը բոլորինն է՝ սկսած ոստիկանից, ուստի, քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների ձեւակերպմամբ, անհրաժեշտ է, որ մեկ անգամ գոնե ոստիկանը եւս լինի ժողովրդի կողքին ու չխոչընդոտի նախաձեռնվելիք հանրահավաքը: Նախաձեռնության անդամները ողջունեցին ՀԾ կարգավորող հանձնաժողովի առջեւ այսօր կազմակերպված բողոքի ակցիան՝ հավելելով, որ դատապարտում են ոստիկանության կողմից ուժի կիրառման բոլոր փորձերը: Ասացին, որ իրենք չեն մասնակցել այդ ակցիային, քանի որ չեն վստահում պետական մարմիններին, ուստի եւ պահանջ են ներկայացնում իշխանության վերին օղակներին:

Ցուցադրել ավելի
Back to top button