Մշակույթ

Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը

sonahakobyan
Հունիսի 18-ից հուլիսի 4-ը կանցկացվի  «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը: Փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կկայանա Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Ազգային պատկերասրահ փառատոնն իր շուրջն է համածմբում Հայաստանի ու արտերկրի տաղանդավոր երաժիշտներին, համատեղ ելույթների առիթ ընձեռում նրանց: Փառատոնը կազմակերպում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

Հայաստանի ազգային պատկերասրահում 2005 թվականից իրականացվող  «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը սպասված տոն է ցանկացած երաժշտասերի համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու  հիանալի հնարավորություն` դասական երաժշտության իրական երկրպագուների համար: Երաժշտական փատոնն այս տարի կմեկնարկի հունիսի 18-ին: Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի կներկայանա  5 համերգով: Բացման համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ներկայացնելով 11-րդ փառատոնի համերգային ծրագիրը նշեց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մաիրամ Շահինյանը:

Սա մի փառատոն է, որին արվեստասեր հասարակությունը սպասում է մեծ անհամբերությամբ և մի փառատոն է, որ մշտապես կարողանում է հաճելի անակնկալներով զարմացնել իր հանդիսատեսին, նկատեց Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արմինե Ղազարյանը:

Փառատոնն, իհարկե, ինքնին կարևոր իրադարձություն է մշակութային կյանքում, բայց եթե չլիներ համապատասխան ֆինասավորում, փառատոնը ոչ միայն չէր շարունակվի, այլև կյանքի անգամ չէր կոչվի ու կմնար պարզապես գեղեցիկ գաղափար, կարևորելով նաև պետական աջակցությունը՝  խոստովանեց Մարիամ Շահինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button