Թբիլիսիում նման ջրհեղեղ եղել է 1960 թ-ին


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Թբիլիսին նմանատիպ մի ջրհեղեղի ականատեսն է եղել նաև 1960-ականներին: Նույն տեղում` Հերոսների հրապարակում, ամբողջությամբ վնասվել է կամուրջն ու կենդանաբանական այգին: Այս մասին Ռադիոլուրի հետ զրույցում ասել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների նախկին նախարար, բնապահպան Նինո Չխոբաձեն: Ըստ նրա, դեռ այն ժամանակ փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ Վերե գետի հունին մոտ ոչինչ չպետք է կառուցել, իսկ կենդանաբանական այգին տեղափոխել:
1960-ականներին Թբիլիսիիում տեղի ունեցած ջրհեղեղը մարդկային կյանք չէր խլել, սակայն քաղաքի նույն այդ հատվածը ավերակների էր վերածել. ջրի տակ էր անցել կենդանաբանական այգին, ոնչնչացել էին կենդանիների մի մասը: Այն ժամանակ նույնպես պատճառը «Վերե» գետն էր, որը գալիս է լեռներից և ամեն անգամ հորդառատ անձրևների ժամանակ ողբերգական հետևանքներ է ունենում: Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների նախկին նախարար Նինո Չխոբաձեն ասում է. «Այն ժամանակ անցկացված փորձաքննությունը հանգեց այն եզրակացության, որ ոչ մի դեպքում Վերե գետի հունին մոտ ոչինչ չպետք է կառուցել, իսկ կենդանաբանական այգին պետք է տեղափոխել»:
Կենդանաբանական այգին չտեղափոխվեց, սակայն երկար ժամանակ ոչ մի իշխանություն այդտեղ ճանապարհ չկառուցեց: Միայն նախկին իշխանությունները` Միխաիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ 2010-ին շատ կարճ ժամանակահատվածում շահագործման հանձնեցին Վակե-Սաբուրթալո ճանապարհը:
Կլիմայի գլոբալ փոփոխությունները մեծ ազդեցություն են ունենում ամենուր` անմասն չթողնելով նաև կովկասյան տարածաշրջանը: Իսկ Թբիլիսին որ գտնվում է կիրճում, ըստ բնապահպանի ունի իրեն հատուկ կլիման: Շատ հաճախ ուշեղ քամիներ, իսկ այս ամիսներին հորդառատ անձրևներ:
«Ճանապարհը կառուցելուց առաջ այս ամեն պետք է հաշվի առնվեր…»,-ասում է նախկին նախարարը:
Ճանապարհն ըստ Չխոբաձեի, անհրաժեշտ է, և հետագայում նմանտիպ աղետներից խուսափելու համար լուրջ հետազոտություն պետք է անցկացնել, բոլոր ռիսկերը բացառելով միայն, վերակառուցել այն:
Իսկ ինչ վերաբերում է կենդանաբանական այգուն, ներկա իշխանություններն արդեն հայտարարել են, որ այն կտեղափոխեն: