Քաղաքական

Արցախի նախագահը ՊԲ հրամանատարությանը ներկայացրել է նորանշանակ նախարարին

Նախագահ Բակո Սահակյանն այսօր ԼՂՀ բանակի հրամանատարական կազմին ներկայացրել է Արցախի պաշտպանության  նորանշանակ նախարար Լեւոն Մնացականյանին:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին նախարար Մովսես Հակոբյանին իրականացված ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրա հրամանատարության տարիներին պաշտպանության բանակի մարտունակությունը հասել է նոր մակարդակի, լուծում է տրվել բազմաթիվ խնդիրների:

Բակո Սահակյանը վստահությամբ նշել է, որ Մովսես Հակոբյանը կշարունակի իր հարուստ փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի նոր պատասխանատու պաշտոնում:

Խոսելով նորանշանակ նախարարի մասին` երկրի ղեկավարը նշել է, որ Լեւոն Մնացականյանը հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն եւ հարգանք վայելող, խոր գիտելիքներ ունեցող գեներալներից է, ով լավագույնս է դրսեւորել իրեն զբաղեցրած բոլոր պաշտոններում:

Արցախի հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համոզմունք է հայտնել, որ Լեւոն Մնացականյանը նույն եռանդով կաշխատի նաեւ որպես պաշտպանության նախարար ու պաշտպանության բանակի հրամանատար՝ իր ողջ կարողություններն ուղղելով բանակի զորացման եւ դրա մարտունակության շարունակական բարձրացմանը:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ցուցադրել ավելի
Back to top button