Առողջապահության նախարարը Արմավիրում քննարկեց սուր- աղիքային վարակի խնդիրը


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ ծանոթացավ երեխաների առողջական վիճակին, հետաքրքրվեց բուժման մանրամասներով, դեղորայքային ապահովվածությամբ, զրուցեց երեխաների ծնողների հետ:
Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը նշեց, որ հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն, առկա է դրական տեղաշարժ:
Այնուհետև նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզի առողջապահական պատասխանատուների և բուժանձնակազմի մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների բուժման ընթացքին վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր:
Արմեն Մուրադյանը հանձնարարեց բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանել մանկական ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով:
Նախարարը հանձնարարեց նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում ևս մեկ անգամ վերանայել նորմատիվային բազան` համապատասխանեցնելով երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող բոլոր պահանջներին։
Ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ հունիսի 16-ի կեսօրին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակիչ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք` մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։