Հասարակություն

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի ազգային տոնի առթիվ, այցելել նաև ՀՀ-ում ՄԹ դեսպանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: Նախագահը հետագա բարգավաճում և շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ` ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն` շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին և դեսպանատան ամբողջ անձնակազմին:

Ցուցադրել ավելի
Back to top button