Ճշմարիտ փաստերի հետ առերեսվելու կարեւորությունը՝ թուրք գրողի գրքում


Հայաստանում է թուրք գրող, հրապարակախոս Քադիր Աքընը: Այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրել է իր «Հայ հեղափոխական Փարամազ-Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի ժամանակ ընկերվարական հայերն ու ցեղասպանությունը» գիրքը: Այն լույս է տեսել Թուրքերենով՝ 1300 օրինակով: Գիրքն արդեն 2-րդ վերահրատարակությունն է ունեցել, ծրագրվում է, որ առաջիկայում կվերահրատարակվի երրորդ անգամ: Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության գործիչ Փարամազի կյանքն ու գործունեությունը թուրք գրողն ուսումնասիրել է Լիբանանում գտնվող արխիվներում՝ ՍԴՀԿ-ի աջակցությամբ: Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ դոկտոր Եղիա Ջերեջյանի խոսքով՝ գիրքը նվիրված է Փարամազին, սակայն նույնքան կարեւոր է թուրգ գրողի եզրակացությունը, որ Հայոց ցեղասպանությունն իրականություն է: Թուրք գրող, հրապարակախոս Քադիր Աքընը շեշտել է, որ իր գրքի կարեւորությունը Թուրքիայում այն է, որ մտավորականությունն ու գիտնականներն առերեսվեն ճշմարիտ փաստերի հետ եւ իրենց հերթին նպաստեն հասարակ ժողովրդի շրջանում իրազեկվածության բարձրացմանը:
Թուրքիայի մտավորականությունն ու գիտնականները Հայոց ցեղասպանության մասին ունեն թյուր կարծիք: Նրանց ըմբռնումները շատ սխալ են եւ դրան նպաստում է ազգայնականության միկրոբը: Ասաց թուրք գրող, հրապարակախոս Քադիր Աքընը՝ ներկայացնելով իր գիրքը:
«Այս գիրքը նպատակ ունի Թուրքիայում մտավորականության շրջանում բարձրացնելու տեղեկատվության մակարդակը եւ, ազգայնականության քողը մի կողմ թողնելով, նրանց իրականությանը ծանոթացնելու: Դրանից հետո ավելի հեշտ կլինի հասարակ ժողովրդի շրջանում տեղեկատվության մակարդակը բարձրացնելը»:
Թուրք գրողին ՍԴՀԿ-ի արխիվներն ուսումնասիրելու հարցում օժանդակած Եղիա Ջերեջյանի խոսքով՝ կարեւոր է, որ Ցեղասպանության ճանաչման պահանջը գա Թուրքիայի ներսից եւ նման աշխատանքներին մենք պետք է օճանդակենք:
Քադիր Աքընը Ժողովուրների դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից է: Հիշեցնենք, որ վերջին խորհրդարանական ընտրություններում 8-9 կուսակցություն եւ ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների այս դաշինքը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում պարբերաբար հստակորեն շեշտադրումներ է կատարել Հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ: ԺԴԿ-ն Թուրքիայի խորհրդարանում ունի 80 պատգամավոր, այդ թվում է նաեւ ազգությամբ հայ Կարո Փալյանը: Թուրք գրողն ասաց, թե ներկայումս Թուրքիայում մտավորականության եւ հասարակության որոշակի շրջանակներ արդեն իսկ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, կա եւ իր գրքի հետ կապված ճնշումներ ինքը մինչ օրս չի զգացել:
«3 100 տարի շարունակ Թուրքիայում լայն զանգվածները ստերով են սնվել ու մեծացել: Վաղուց է եկել առերեսվելու ժամանակը եւ արդեն խոսվում է իրականության՝ ցեղասպանության իրողության մասին: Այսօր արդեն լայն զանգվածներ սկսել են ճանաչել ցեղասպանությունը եւ այդ փաստը տարածել»:
Թուրք գրողն ասաց, որ տվյալ հարցում մեծ էր Հրանտ Դինքի ավանդը, ապա՝ նշեց, որ նրա սպանությունը որոշակի բան այդ գործընթացում կոտրեց, սակայն դա, միաժամանակ, նպաստեց այն բանին, որ այդ հարցում շատ արագորեն մեծանա տեղեկատվության մակարդակը: «Արդյունքում, եթե համեմատում ենք նախկինի հետ, այսօր կարող եմ ասել, որ վախի եւ ճնշման մթնոլորտ չկա»,-շեշտեց հրապարակախոսը:
Քադիր Աքընի խոսքով՝ պետությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, երբ հասարակ ժողովուրդն ու մտավորականությունը հասնի այն որոշակի գիտակցությանը, որ ներքեւից ճնշում գործադրի իշխանությունների վրա: Ի պատասխան հարցի, թե՝ իրատեսակա՞ն է նման իրավիճակը՝ թուրք գրող, հրապարակախոսն ասաց, թե Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության 80 պատգամավորների մուտքը խորհրդարան նույնպես երազանք էր թվում, սակայն իրականացավ: