ԿարևորՏնտեսական

Հոսանքը կթանկանա ոչ միայն այս, այլեւ առաջիկա տարիներին. ՀԲ-ն ֆինանսական առողջացման ծրագիր է մշակում

lianaeghiazaryan

Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը կանխել ոչ այս, ոչ էլ հաջորդ տարիներին հնարավոր չէ. հնամաշ էներգետիկ համակարգն արդիականացում է պահանջում, բայց որպեսզի հետագա տարիների նոր թանկացումները գոնե մեղմվեն, կառավարությունը հրատապ քայլեր պետք է ձեռնարկի՝ ջերմային նոր էներգաբլոկ շահագործի, միաժամանակ ծրագրեր մշակի` պաշտպանելու Հայաստանի ամենաաղքատ տնային տնտեսություններին: Այսօր Համաշխարհային բանկի այս գնահատականներն ու առաջարկները լրագրողների միջոցով փոխանցել է բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլը։

Համաշխարհային բանկը հիմնավոր ու արդարացված է համարում Հայաստանում էլեկտրանէներգիայի թանկացումն, ընդ որում, այն չափով, որ չափով որ քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` 6.93 դրամ: Այստեղ համարում են, որ բաշխիչ ցանցին պետք է հնարավորություն տալ ծածկել այն ծախսերը, որոնք առաջացել են ոչ նրա մեղքով`էլեկտրաէներգիայի արտադրության փաստացի եւ ծրագրված ծախսերի մեծ տարբերության հետեւանքով:

Համաշխարհային բանկը երկար աշխատանք է տարել` ուսումնասիրելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքը, էներգետիկ համակարգն իր բոլոր խնդիրներով հանդերձ ու այսօր մշակում է ՀԷՑ-ի  ֆինանսական առողջացման ծրագիր: Ծրագրի մասին խոսելը դեռ վաղ է, բայց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլն այսօր նշեց 5 հիմնական քայլ, որոնք իրենց մասնագետներն առաջնահերթ են համարում, քանի որ էլեկտրաէներգիայի մատչելիությունը տարեցտարի առավել լուրջ խնդիր է դառնում մեր երկրի համար, իսկ համակարգում գործող ընկերությունների ֆինանսական վիճակը վատթարանում է:

«Անհրաժեշտ է ավելացնել արտադրական հզորությունները, վերանայել սակագնային կառուցվածքը, հիմնանորոգել հիմնական էլեկտրահաղորդման ակտիվները, իրականացնել ֆինանսական առողջացման ծրագրեր, ինչպես նաեւ պաշտպանել Հայաստանի ամենաաղքատ տնային տնտեսություններին»,- ասում է նա։

Փաստորեն՝ Համաշխարհային բանկը Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման հույսը կրկին կապում է հոսանքի գնի նոր բարձրացման հետ: «Ռադիոլուր»-ը հետաքրքրվեց` բայց չէ՞ որ էլեկտրաէներգիայի սակագնի բոլոր հերթական բարձրացումների հետ էլ նույն հույսերն են կապվել` որ համակարգը կարդիականացվի, անցյալ դարից գործող հնամաշ ենթակայանները կբարելավվեն, համակարգի կորուստները ներկա 12-13 տոկոսից կիջնեն:

Նույն սպասելիքներով 2003 թվականին Համաշխարհային բանկը հայաստանյան իշխանություններին խորհուրդ էր տալիս մասնավորեցնել այն ժամանակ դեռ պետական «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Մասնավորեցումից 12 տարի է անցել, բայց այսօր իրավիճակն ավելի քան մտահոգիչ է: Այսօր դեռ խոսում ենք նույն խնդիրների լուծման մասին:

Արդյո՞ք սա չի նշանակում այս ամբողջ ընթացքում ծրագրվածի տապալում: Երկար հարցին` կարճ պատասխան: Լորա Բեյլը ճիշտ չի համարում հարցին պատասխանել` «Ես այդ տարիներին այստեղ չեմ աշխատել» պատճառաբանությամբ:

Հարցին պատասխանում է Համաշխարհային բանկի  հայաստանյան գրասենյակի էներգետիկ ոլորտի ավագ տնտեսագետ Արթուր Կոչնակյանը: «Ես այդքան հոռետես չէի լինի ասելու, թե մասնավորեցումն ամբողջությամբ տապալված է: Այնտեղ իրոք կան խնդիրներ: Բայց խնդրում եմ հաշվի առնել հետեւյալը. բաշխիչ ցանցերը մասնավորեցումից հետո բավականին մեծածավալ ներդրումներ են կատարել, որոնք էականորեն բարելավել են մատուցվող ծառայությունների որակը: Մինչ սեփականաշնորհումը կորուստներն ավելի քան 30 տոկոս էին, սպառված էլեկտրաէներգիայի վճարների հավաքագրումը բավականին ցածր էր` 60-70 տոկոսի հազիվ էր հասնում: Հիմա նույնիսկ այս ծանր ֆինանսական պայմաններում կորուստները թեեւ նորմատիվայինից մի քիչ բարձր են, բայց միեւնույն է` էականորեն նվազել են, իսկ ծախսված էլեկտրաէներգիայի վճարների հավաքագրումը 100 տոկոս է»:

Բայց որքան էլ Համաշխարհային բանկում լավատես են ու բարձր են գնահատում ՀԷՑ-ի կատարած աշխատանքը, մեկ այլ ցուցանիշ էլ կա, որը խիստ մտահոգիչ են համարում հենց նույն Համաշխարհային բանկում: Այսօր Հայաստանի տնային տնտեսություններն իրենց միջին եկամտի շուրջ 10 տոկոսն ուղղում են էլեկտրաէներգիայի վճարին: Միջազգային պրակտիկայում սա համարվում է էներգետիկ աղքատություն, բացատրում է Արթուր Կոչնակյանը, «Այսինքն` տնային տնտեսությունները չեն կարող իրենց թույլ տալ սպառել նույնիսկ նվազագույն անհրաժեշտ զամբյուղ` նվազագույն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակ, որն իրենց անհրաժեշտ է կենսագործունեություն ապահովելու համար»:

Ընդ որում` սա դեռ ներկա վիճակում, իսկ նոր թանկացումից հետո այդ բեռն ավելի է մեծանում: Թե գնի այս բարձրացումն ինչ հետեւանք կթողնի տնտեսության վրա, Կոչնակյանի խոսքով, հաշվարկներ դեռ չկան, կախված է նրանից,  թե որքանով է արագ աճում տնտեսությունը: Բայց այս համատեքստում կա եւս մի մտահոգիչ միտում արդեն առաջիկա գոնե 10 տարվա համար:

Հարցն այն է, որ վերջին տարիներին պարբերաբար հոսանքի թանկացման հանգեցնող պատճառները շարունակում են առկա լինել, ինչը նշանակում է, որ օգոստոսյան նոր թանկացումից հետո առաջիկա տարիներին էլ նորից ու նորից են էլեկտրաէներգիայի թանկացումներ սպասվում:

Դրանից խուսափել հնարավոր չէ, վստահ է Համաշխարհային բանկի  հայաստանյան գրասենյակի էներգետիկ ոլորտի ավագ տնտեսագետ Արթուր Կոչնակյանը: «Չէի ասի` էականորեն պետք է բարձրանա, բայց ցանկացած նոր ներդրում, այո, ենթադրում է սակագնի աճ, քանի որ այդ կապիտալը պետք է ետ գնվի, իսկ դա ետ է գնվում սակագնի միջոցով»:

Այս առումով էլ նա փոխանցում է իր ներկայացրած կառույցի առաջարկը` առաջիկա 3-4 տարիների ընթացքում շահագործման հանձնել ջերմային նոր էներգաբլոկ, որը պակաս ծախսատար կլինի: Բայց միաժամանակ Հայաստանի կառավարությունը պետք է  ծրագրեր մշակի`  պաշտպանելու Հայաստանի ամենաաղքատ տնային տնտեսություններին:

Ի վերջո` վերադառնանք վերջերս հնչող մտահոգություններին առ այն, որ ՀԷՑ-ն իր բազմապիսի շռայլ ծախսերն է ներառում հոսանքի սակագնի մեջ ու սրանք ծածկելու համար հերթով մտնում ամեն քաղաքացու գրպան: Համաշխարհային բանկում առանձնապես համաձայն չեն այս դիտարկմանը, ավելին, անգամ հակված են կարծել, թե ՀԷՑ-ի ներկայացրած շատ ծախսեր էլ դեռ չեն ներառվել սակագնում: Կոչնակյանը գտնում է, որ հիմնավոր են թե թանկացումը, թե սպառողների գրպանից ռիսկերի համար փոխհատուցելը:

Ցուցադրել ավելի
Back to top button