Հասարակություն

Բաքուն երաշխիքներ չտրամադրեց. հայ աշակերտները չեն մասնակցի քիմիայի օլիմպիադային

sonahakobyan
Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության և գիտության նախարարության, ելնելով երեխաների անվտանգության  նկատառումներից՝ ստիպված է հրաժարվել հայ դպրոցականների Բաքու մեկնելու որոշումից և հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք՝ Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցելուց: Հայաստանի մասնակցությունը հնարավոր էր միայն Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանը պետական մակարդակով անվտանգության երաշխիքների տրամադրումից հետո, ինչին, սակայն, պաշտոնական Բաքուն այդպես էլ չի արձագանքել:

 

Կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, ՀՀ-ը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել նաև հուլիսի 20-29 Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Հայկական կողմն անգամ լայնածավալ աշխատանքներ էր իրականացրել ազգային հավաքականի նախապատրաստման և գիտելիքի միջազգային ստուգատեսին հայ աշկերտների՝ հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Ավելին՝ հայտարարվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի անձամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Միևնույն ժամանակ նախարար Աշոտյանը հայտարարել էր, որ Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք օլիմպիադային հնարավոր կլինի միայն Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանը պետական մակարդակով անվտանգության երաշխիքների տրամադրումից հետո:

Սակայն մինչև մասնակցության համար գրանցման սահմանված ժամկետը՝ այն է հունիսի 15-ը, Բաքուն այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմը անվտանգության պետական երաշխիքներ չստացավ:  Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության և գիտության նախարարության, ելնելով երեխաների անվտանգության  նկատառումներից՝ ստիպված է հրաժարվել հայ դպրոցականների Բաքու մեկնելու որոշումից, այսօր պաշտոնապես հայտարարեց ՀՀ ԿԳ նախարարը:

Այսպիսով՝ խիստ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճը՝ ՀՀ ԿԳ նախարարությունը միջազգային պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրին՝ միաժամանակ կոչ անելով միջազգային կազմակերպություններին՝ հիմք ընդունելով նման դրսևորումները, գիտկրթական միջազգային միջոցառումները, որոնց պետք է մասնակցեն նաև Հայաստանի պատվիրակությունները, Բաքվում այլևս չկազմակերպել:

Արդյոք Ադրբեջանի նման արձագանքն անակնկալ էր Արմեն Աշոտյանի համար, և արդյոք իրականում ԿԳ նախարարը անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին Ադրբեջանի Հանրապետությունից դրական պատասխան էր ակնկալում, «Ռադիոլուրի» հարցին նախարար Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց:

«Ես մտածում էի, որ իրենք ավելի խելացի կգտնվեն»:

Ցուցադրել ավելի
Back to top button