Հասարակություն

Վրաստանում շարունակվում են աղետի վերացման ուղղությամբ աշխատանքները

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանում շարունակվում են աղետի վերացման ուղղությամբ աշխատանքները. համապատասխան մարմինների հետ մաքրման աշխատանքներ են իրականացնում հարյուրավոր կամավորներ: Իսկ վերլուծաբաններն ու  քաղաքական գործիչները փորձում են պարզել աղետի պատճառը:

 

Վրաստանի մայրաքաղաքի համար հունիսը անձրևային ամիս է: Հիմնականում գիշերեները տեղացող հորդառատ անձրևները ամեն անգամ կաթվածար են անում երթևեկությունը: Սակայն հունիսի  13-ի լույս 14-ի  գիշերը մի քանի ժամ անընդմեջ տեղացած անձրևը աննախադեպ էր` վերջին  40 տարվա մեջ ամենաուժեղը:

«Սարսափելի էր, ես ամեն ինչի ականատեսն էի:  Գիշերը լսում էի անհասկանալի մի աղմուկ. հետո պարզեցի, որ դա գետի աղմուկն էր, որ գալիս էր մոտակա թունելից»,-ասաց քաղաքի բնակիչներից  Մզիա Գաչեչիլաձեն, այս ամենում մեղադրելով նախկին իշխանություններին:

Նա «Ռասիոլուրի» հետ զրույցում նշեց, որ եղել են դեպքեր, երբ «Հերոսների»  հրապարակում մեքենաները անցել են  ջրի տակ, սակայն նման բան երբեք չէր տեսել:

«Հերոսների» հրապարակը, որը քաղաքի  առավել ցածրադիր վայրում է գտնվում, սարսափելի իրադարձությունների կենտրոնն էր:  Հենց այս հրապարակում է տեղակայված   կենդանաբանական այգին, որը գրեթե ամբողջությամբ անցել է ջրի տակ, և  այստեղից է սկիզբ առնում մի քանի տարի առաջ շահագործված, այսօր  խարխլված  Վակե Սաբուրթալո  ճանապարհը:

Այս ճանապարհը կառուցվեց նախկին նախագահ  Միխաիլ Սահակաշվիլիի օրոք: Նախկին իշխանությունները շահագործելով այն,  փոխեցին  «Վերե» գետի հունը:

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների նախարար Գիգլա Ագուլաշվիլին  նույնպես մեղադրում է նախկին իշխանություններին. «ակնհայտ է, որ հավաքված ջուրը չի անցել այն խողովակներով, որոնք կառուցվել են նոր ճանապարհի ծրագրի  արդյունքում: Մասնագետները դա կանխատեսել էին, սակայն նախկին իշխանությունները այն հաշվի չեն առել»:

Վրացական հեռուտաալիքները տեսանյութեր են տարածում,  որտեղ մասնագետները դեռևս 2009-ին ահազանգում են հնարավոր վտանգների մասին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ խնդիրը կարգավորելուց հետո կսկսեն  աղետի պատճառների ուսումնասիրությունը. ես չեմ կարող մեկնաբանել փորձագետների կարծիքները նոր ճանապարհի կառուցման մասին, սակայն  ստեղծված հատուկ խումբը կտա բոլոր հարցերի  պատասխանները:

 

Ցուցադրել ավելի
Back to top button