Հասարակություն

Նոր բացահայտումներ՝ Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության գործով

sonahakobyan
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տիրող բազմաթիվ բռնությունների և ապօրինությունների փաստը հնարավոր եղավ բացահայտել բացառապես ԶԼՄ-ների ակտիվ գործունեության արդյունքում, լրագրողների հետ զրույցում այսօր ասել է գործով փաստաբան, երեխաների շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբան Տիգրան Հայրապետյանին այս գործի քննությունը շատ է մտահոգում, առավել ևս ,երբ սայլն այդպես էլ տեղից չի շարժվել: Ներկայացնելով նոր փաստեր այս գործով քննությունից՝  փաստաբանը չի բացառել, որ ժամանակի ընթացքում գործը նույնիսկ կարճվի:

 

Բյուրեղավանի խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում կատարվող ապօրինությունների մասին հանրությունն իմացավ դեռևս անցյալ տարվա ապրիլին: Թվում է, թե հարուցված քրեական գործի շրջանակներում, պետք է որ առաջադրվեր համապատասխան մեղադրանք և մեղավորները ենթարկվեին պատասխանատվության: Այնինչ, անցել է 1 տարի, բայց ոչ միայն մեղավորները չեն պատժվել, այլև մեղադրանք անգամ չի առաջադրվել: Ըստ գործով փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝  գործը եզակի է այն առումով, որ հարուցվել է բացառապես մամուլի հրապարակումների հիման վրա:

Հիշեցնենք, որ գիշերօթիկում տիրող իրավիճակի մասին լրատվամիջոցներին ահազանգեց դպրոցի ուսուցչական կազմը՝ մամուլում հրապարակված ծավալուն նամակով, որը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անմիջապես հերքեց, մինչդեռ օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրության ընթացքում մի շարք փաստեր է պարզել, այդ թվում նաև երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների վերաբերյալ: Փաստաբանի տեղեկություններով, ապօրինությունները երկար ժամանակ  կոծկվել են, քանի որ գիշերօթիկի տնօրենը ունեցել է հովանավորներ, այդ թվում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարեթ Բերիկյանը:

Իր հերթին փախնախարարն իհարկե հերքել է այս ամենը դեռևս 1 տարի առաջ, սակայն փաստաբան Տիգրան Հայրապետյանի համար այդ հերքումը և ոչ մի նշանակություն չունի, փաստերը շատ ավելի են: Այս ամբողջ աղմուկի հետևանքով իհարկե հարուցվեց քրեական գործ, սակայն, ինչպես նկատեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, գործի վարույթն ընթանում էր միակողմանի:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանին այս գործի քննությունը շատ է մտահոգում, առավել ևս երբ սայլն այդպես էլ տեղից չի շարժվել: Միակ տեղաշարժը վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից խիստ ն կատողությունն էր:

Տիգրան Հայրապետյանը կարծում է, որ մեղադրանք չի առաջադրվում հենց ժամանակ ձգձգելու նպատակով և չի բացառում, որ ժամանակի ընթացքում գործը նույնիսկ կարճվի: Փաստաբանը հատուկ ուշադրություն է հրավիրում նաև դպրոցում ֆինանսական չարաշահումների վրա:

Բարձրացված աղմուկից հետո դպրոցի տնօրինությունն իհարկե փոխվեց: Բայց թե որքանով փոխվեց տվյալ հաստատությունում վարվող քաղաքականությունը ոչ փաստաբան Տիգրան Հայրապետյանը և ոչ էլ Հերիքնազ Տիգրանյանը չեն կարող պատասխանել: Նրանք իրավասություն էլ չունեն այդ ինֆորմացիան ստանալու: Նրանք պարզապես՝ հրավիրելով պետական մարմինների ուշադրությունը՝ վերջիններիս հորդորում են գոնե հետամուտ լինել պարզելու՝ արդյոք դպրոցի համար հատկացվող գումարներն արդարացված են և արդյոք դրանք իրականում ծառայում են նպատակին, թե՝ ոչ:

Ցուցադրել ավելի
Back to top button