ՎերլուծականՏնտեսական

Էլ.էներգիայի թանկացման տնտեսական, սոցիալ- տնտեսական եւ աշխարհաքաղաքական հետեւանքները

lianaeghiazaryan

Էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորվածությունն ու հետեւանքները շարունակում են հասարակական քննարկումների առանցքում մնալ:  Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ասյօր հերթական անգամ հայտարարել է` հոսանքի գնի բարձրացումն իր ազդեցության շրջանակից դուրս չի թողնի եւ ոչ մի ոլորտ: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյան այն համոզմանն է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում, այնուամենայնիվ,  կլինի, եւ այս դեպքում սոցիալական պայթյունը հնարավոր չէ բացառել:

Էլ. էներգիայի  թանկացման հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից. մի կողմից` թե ինչ ազդեցություն կունենա թանկացումը բնակչության գրպանի վրա, մյուս կողմից` ինչ ազդեցություն այն կունենա տնտեսության վրա:

«Սովորական սպառողին չի հետաքրքրում, թե ինչ ծախսերի համար է ՀԷՑ-ը ցանկանում բարձրացնել սակագինը, որովհետև սպառողն ուզում է հնարավորին չափ քիչ վճարել, իսկ սա այն ճյուղերից է, որն ընդգրկում է տնտեսության բոլոր ոլորտները, ուստի սակագնի բարձրացման դեպքում որեւէ ոլորտ դուրս չի մնա բացասական ազդեցությունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր այս դիտարկումը փոխանցեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքով` փորձագիտական շրջանակներում սակագնի բարձրացման հարցը քննարկվում է հետևյալ տրամաբանությամբˋ արդյոք ՀԷՑ-ի ներկայացրած բոլոր ծախսերը պետք է ներառվեն սակագնի մեջ, այն դեպքում, երբ  Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացողների եռյակում էներգետիկ ոլորտի աշխատակիցներն են:

Միաժամանակ, տնտեսագետը համոզված է, որ բոլոր այդ քննարկումների արդյունքներով հանդերձ էլ ՀԷՑ-ը չի կարողանա նշված բոլոր ծախսերը արդարացնող պատճառաբանություն գտնել: Խաչատրյանը հակված է կարծել, որ հոսանքի թանկացմանը զուգահեռ սպառողներն էլ կրճատում են սպառման ծավալները: Որպես օրինակ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ սպառման ծավալները 8 %-ով նվազել են: «Բայց հասնելու ենք մի կետի, որ մարդիկ այլեւս չեն կարողանա կրճատել: Շատ բացասական գործընթաց է»: Վերլուծելով իրավիճակը՝  տնտեսագետը շեշտեց, որ բարեկեցության աճ չի լինելու:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն այն համոզմանն է, որ էլեկտրաէներգիայի թանկացում, այնուամենայնիվ,  կլինի, եւ այս դեպքում սոցիալական պայթյունը հնարավոր չէ բացառել: «Հարցն այստեղ ամենեւին էլ «Գազպրոմի» կուտակած պարտքը չէ։ Ակնհայտ է, որ մենք ունենք այս ամբողջ տարիների թալանը հիմնավորելու և դրա հիման վրա սակագին բարձրացնելու իրավիճակ»,- վստահաբար հայտարարում է Սաֆարյանը: 17 դրամի թանկացման հայտ ներկայացնելը, ապա 7-7.5 դրամի վրա պայմանավորվելը հայտնի հնարք է, նորություն չէ, իշխանությունների կողմից հասարակության հոգեբանական վիճակի վրա ազդելուն ուղղված քայլ է:

«Բիբինի կողմից պահանջ էր առավելագույնը ստանալ: Նազարյանի գլխավորած հանձնաժողովի գործելաոճից այն տպավորությունն է, որ կա որոշումը, բայց մի քիչ էլ ցույց են ուզում տալ Բիբինին, որ հասարակության ընդվզումն են հաշվի առնում: Իրականում սա թատրոն է»,- հայտարարում է Սաֆարյանն ու ուշադրություն հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես է այս ընթացքում իրեն դրսեւորում ռուսական կողմը ու ինչպես է մեկնաբանում հայաստանյան հնամաշ ընկերությունը գնելը` տնտեսական շահերո՞վ, թե՞ աշխարհաքաղաքական այլ նկրտումներով:

«Նրանք ուղղակի բացահայտ կերպով չեն թաքցնում, որ սա կապված է ոչ թե ընկերության բաժնետերերի տնտեսական շահերի հետ, այլ գլխավոր բաժնետիրոջ` պետության աշխարհաքաղաքական նկրտումների հետ:  Դա է մաշված եւ ներդրումների լուրջ կարիք ունեցող կովկասյան էներգոակտիվներ գնելու գլխավոր շարժառիթը»,- ասում է Սաֆարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button