Հասարակություն

Եզդիներն Հայաստանում ավելի ապահով են

satikisahakyan

Արմավիրի մարզի համայնքերի մեծ մասում հայերի հետ միասին ապրում և աշխատում են եզդիները: Հայաստանում ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ համայնքների շարքում  եզդիները  բնակչության թվով ավելի շատ են: Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ: Ապրելով Հայաստանում իրենք պահպանում են իրենց տեսակը, չեն միաձուլվում: Օմար Մամոյանն ասում է, որ  սկզբունքը գրեթե անբեկանելի է եզդիների համար` եզդին պետք է ամուսնանա միայն եզդու հետ: «Մենք մեր մշակույթի պահպանման համար շատ շնորհակալ ենք մեր շեյխերին ու փիրերին»,- ասում է մանկավարժական բարձրագույն կրթություն ունեցող Օմար Մամոյանը:

Շեյխերն ու Փիրերը եզդիների հոգևորականներն են, որոնք էլ անցկացնում են իրենց ազգային ծեսերը:  Շեյխ Ջնդի Ջնդոյանն ապրում է Արմավիրի մարզի Արտաշար գյուղում, եզդիների թաղամասում: Այս թաղամասը կարելի է ասել գյուղից առաձնացված, եզդիների կոմպակտ համայնք է, որտեղ կա  30 տնտեսություն: Նրանք իրենց թաղամասի երեք  փողոցն  էլ անվանել են Ջահանգիր աղայի անունով, ունեն խանութ: «Մենք արդեն մեկ դար է հայերի հետ ապրում ենք կողք-կողքի և Հայաստանը միակ երկրն է, որ մեզ հնարավորություններ է տվել ապրելու և պահպանելու մեր ազգային սովորույթները»,- նշում է Ջնդի Ջնդոյանը:

Արտաշարի բնակչության 40 տոկոսը եզդի է:  Արտաշարից վերջին տարիներին արատագաղթում են նաև եզդիները, հատկապես՝ երիտասարդները: Արտաշարի գյուղապետարանի գլխավոր մասնագետ Ջուլիետա Սարգսյանը տեղեկացրեց, որ  եզդիների շրջանում նվազել են նաև ծնունդները: Այս տարվա հունիսի մեկի դրությամբ գյուղի 20 ծնունդից 12-ըն էր եզդի : Բնակչության աճի դեպքում նրանց ապահովում են տնամերձ հողամասով: Եզդիները շատ ծանրաբեռնված են աշխատում: Երիտասարդներն այժմ փոխում են իրենց ապրելակերպը և գնում են Եվրոպա կամ Ռուսաստան:

Եզդիների առանձնացված թաղամասում շփումը բացառապես ազգային լեզվով է, հաճախ դպրոցահասակ տարիքի երեխաներն առաջին դասարանում դժվարություններ են ունենում: Արտաշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը նշեց, որ  նրանց պասիվ բառապաշարն ակտիվանում է հայկական միջավայրում:

Եզդիների մեծ մասն իրենց կրոնի հետևորդներն են:  Հոգևոր ծեսերն հիմնականում իրականացնում են շեյխերը, որոնք բնակարաններում ունեն սուրբ: Այն պահպանվում է դարսված անկողինների վրա: Շեյխի տուն մտնելիս պետք է անպայման կոշիկները հանել: Աղոթելիս նա խոնարհվեց սրբին, գլուխը հպելով անկողնու ծալքերին:

Եզդիների շեյխի ընտանիքի անդամները նույնպես դառնում են: Ծիսական երկու տոն ունեն,  դեկտեմբերի 13-ից հետո եկող ուրբաթ օրը նշվում է  Էզիդի՝ զատկի  տոնը և   փետրվարի 13-ից հետո, ուրբաթ օրը՝ Խըդր Նաբիի տոնը, որը նույնականացվում է մեր սուրբ Սարգսի տոնի հետ:

Ջնդի Ջնդոյանը նշում է, որ եզդիների մեջ կան նաև քրիստոնեական  կրոնական կազմակերպության հետևորդներ: Իր խոսքերով նրանք  աղանդավորներ են, որոնց դեմ պայքարելը դժվար է:

Եզդիները հարգում են մեր կրոնը, մտնում են եկեղեցի, մոմ վառում, բայց չեն խաչակնքում:  Շեյխի տան պատին ծնողների մեծ լուսանկարներն են՝  ազգային տարազներով: Ջնդի Ջնդոյանը մյուսների նման  մեծ ցավով նշեց Սինջարի եզդիների ցեղասպանության մասին: Իրենց համայնքը նույնպես մասնակցել է օգնության դրամահավաքին:  Լալեշը եզդիների հոգևոր կենտրոնն է: Օմար Մամոյանը հուսահատված ասեց, որ Իրաքի կենտրոնով իրենք սփոփվում էին և հույսեր կապում, հիմա՝ դա էլ չունեն:

Հայաստանում եզդիներն ավելի ապահով են և պահպանում են իրենց կրոնն ու մշակույթը: Հայերի հետ եղբայրությունն ու բարեկամությունն իր դրսևորման ձևերն ունի: Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանը հաճախ է դառնում եզդիների հարսանիքի քավոր և հպարտությամբ է կրում այդ պատիվը. «Եզդիները աշխատասեր, լավ ժողովուրդ են, մենք էլ իրենց հնարավորություններ ենք տալիս»:

Եզդիների ընտանիքում հարսը սկեսրայրի հետ չի խոսում, հարսնություն է անում: Ամուսնության տարիքային շեմը  մեծացել է, 18 տարեկանից են ամուսնանում, բացառությամբ որոշակի դեպքերի, բարձրագույն կրթություն են ստանում և աշխատանքի տեղավորվում:

Ցուցադրել ավելի
Back to top button