Հասարակություն

Արյունաբանական հիվանդությունների թիվն աճում է, արյան պաշարներինը՝ նվազում

aidaavetisyan
Հայաստանում արյունաբանական  հիվանդություններով  հիվանդների թիվը մեծանում է, իսկ  արյան պաշարների հավաքագրումը հրատապ խնդիր է: Ամեն տարի  350 մարդու մոտ հայտնաբերվում է արյան քաղցկեղ, որոնցից 30 երեխաներն են: Յոլյանի անվան  արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոսքով՝ արյան դոնորների կարիք շատ են ունենում, սակայն նրանց թիվը Հայաստանում կազմում է 15 հազար, մինչդեռ անհրաժեշտ է 50-ից 60 հազար:  Իսկ տարեկան 40 մարդ ոսկրածուծի փոխպատվաստման և 100 հիվանդ բարձր դեղաչափային քիմիաթերապիայի համար դիմում է արտերկրի կլինիկաների օգնությանը: Այդ իսկ պատճառով էլ 2016 թվականին Հայաստանում կբացվի  ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում եզակի  բաժանմունքը:

 

 

Հայաստանում արյան պաշարների հավաքագրումը  դեռևս հրատապ խնդիր է, ևս մեկ անգամ ահազանգում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի  տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ու նշում, որ  ազգաբնակչության երկուսից- երեք տոկոսը՝ այսինքն, մոտ  50-ից 60 հազարը  պետք է լինեն  արյան դոնորներ, սակայն մեզ մոտ նրանց թիվը հասնում է 15 հազարի: Չնայած որ տարեցտարի ավելանում է կամավոր դոնորների թիվը, սակայն, ըստ Սմբատ Դաղբաշյանի, Հայաստանում այդ ցուցանիշը  դեռևս ցածր է:

«Մեր արյունատվությունների թիվը 2005 թվականին եղել է 6-ից 7 հազար, սակայն 2014 -2015 թվականին  նրանց թիվը կազմում է 15 հազար: Վերջին տասը տարիների ընթացքում ունենք կրկնապատկված դոնորների թիվ, սակայն դա դեռևս բավարար չէ»:

Հնարավո՞ր է, որ ցածր ցուցանիշը պայմանավորված է մարդկանց մոտ նկատվող վախով, որ արյունատվությունը որոշակի բարդությունների առջև  կանգնեցնի դոնորներին, ԱՆ գլխավոր արյունաբանը վստահցնում է, որ յուրաքանչյուր արյունատվության ժամանակ  վերցվում է  450 մլ արյուն, որով էլ  հնարավոր կլինի փրկել երեք մարդու կյանք: Իսկ օրգանիզմում շրջանառվում է  4-ից 5 լիտր արյուն, ուստի 450 միլիլիտր արյան հանձնումն օրգանիզմի համար վտանգավոր չէ, եթե չկան որոշակի հակացուցումներ:

«Կան հակացուցումներ, որոնք մշտական են: Այսինքն՝ եթե մարդն ունի խրոնիկական, ուռուցքային, վիրուսային հիվանդություններ, ապա նրան հակացուցված է  արյուն հանձնելը»: 

ԱՄՆ դոնորական կազմակերպության կողմից կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ արյունատվությունից հետո  մեծանում է օրգանիզմի դիմադրողականությունը և մշտապես արյուն հանձնողների մոտ, 90 տոկոսով  նվազել են  սիրտանոթային հիվանդություններն ու ուղեղի կաթվածը:

Արյունաբանական կենտրոնի ռեգիստրում գրանցված է  5040 հիվանդ, որից  2750 չարորակ հիվանդություններն են: Ամեն տարի էլ հայտնաբերվում է 350 լեյկեմիայով հիվանդ, որոնցից 30 երեխաներ են:  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 10 տարիների ընթացում ոսկրածուծի  40 փոխպատվաստում և բարձր դեղաչափային 100 քիմիաթերապիա կատարվել է արտասահմանյան կլինիկաներում: Հաշվի առնելով ցուցանիշերն ու  հիվանդության տարածվածությունը՝ Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության օժանդակությամբ 2016 թվականին Հայաստանում կբացվի  ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դեղաչափային  քիմիաթերապիայի տարածաշրջանում եզակի բաժանմունք, ինչպես նաև ցողունային բջիջների հավաքագրման լաբորատորիա, ինչն էլ հնարավորություն կտա  մեր հայրնեկիցներին նման  խնդիրների դեպքում  չդիմել արտասահմանյան կլինիկաների օգնությանը:

Թեև ստեղծվում են բոլոր պայմանները, բարձրակարգ բաժանմունք ունենալու համար,  սակայն առանց լավ մասնագետի, հնարավոր չի լինի արդյունավետ քայլեր կատարել: ՀՀ գլխավոր արյունաբանը  վստահեցնում է, որ  մասնագետները վերապատրաստվում են: Հայաստանի արյունաբանական կենտրոնի և Պրահայի  գործընկեր կառույցի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում մեր մասնագետներն արդեն  3 ամիս է մասնակցում են  վերապատրաստման դասընթացների, իսկ սեպտեմբերից էլ մյուս խումբը կմեկնի վերապատրաստման:

Նախատեսում են Երևանում  առաջին փոխպատվաստումն իրականացնել արտերկրացի գործընկերների օժանդակությամբ: Այժմ էլ բանակցություններ են  ընթանում երեխաների  համար անհրաժեշտ ոսկրածուծի փոխպատվաստումները կատարել պետպատվերի շրջանակներում:

Ցուցադրել ավելի
Back to top button