ԿարևորՄիջազգային

Ջրհեղեղ Վրաստանում. կա առնվազն 10 զոհ. վաղը Վրաստանում հայտարարելվելու է սգո օր (լուսանկարներ)

լրացված ժամը 17.42-ին

Գիտա էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Թբիլիսիիում հունիսի 14-ի լույս գիշերը տեղացած աննախադեպ անձրևը խլել է  տասնյակ մարդկանց կյանք, վնասել բազմաթիվ տներ ու փողոցներ`վերացման եզրին հասցնելով նաև  քաղաքի կենդանաբանական այգին:

Այս պահին հոսանքազրկված են քաղաքի մի շարք  շրջաններ, փակված են կենտրոնական  մի քանի  փողոցներ,  փնտրվում են անհետ կորած մարդիկ, և կենդանաբական այգուց փախած գիշատիչ կենդանիները:  Ոստիկանությունը հորդորում է մարդկանց փողոց դուրս չգալ:

Այսօր վաղ  առավոտյան մայրաքաղաք Թբիլիսին արթնացավ ավերածությունների մեջ ու վախի մթնոլորտում:  Ուղղաթիռները վերևից փնտրում էին գիշատիչ կենդանիներին, որոնք գիշերը փախել էին ջրհեղեղի տակ անցած կենդանաբանական այգուց:

Հունիսի 14-ի լույս գիշերը 5 ժամ տևած հորդառատ անձրեւը հունից հանել է  քաղաքի  «վակե» գետը, ինչի պատճառով էլ ջրհեղեղի տակ է անցել  քաղաքի կենտրոնում գտնվող կենդանաբանական այգին:  Կենդանաբանական այգու  հասարակության հետ կապերի  ղեկավար Մզիա Շարաշիձեն   «Ռադիոլուրին» փոխանցեց, որ այգու  տարածքում  գիշատիչ կենդանի  գրեթե չի մնացել:  «Առյուծներ, վագրեր, գայլեր ու մի քանի արջ  դեռևս շրջում են քաղաքում:   Կենդանիներից մի քանիսին սպանել են, մի քանիսին քնեցնելով ետ են բերել այգի: Փրկվել են այն կենդանիները, որոնք գազանանոցի վերին մասում են տեղավորված, դրանց թվում են՝ օձերը, փղերը, զեբրաները, եղնիկները, ձիերը, լեմուրները եւ այծերը»:

Որոշ փորձագետներ նշում են, որ նախկին իշխանությունները մի քանի տարի առաջ շահագործելով վակե-սաբուրթալո ճանապարհը, փոխել են «վակե» գետի հունը, չհաշվարկելով թե ինչ կլինի նման դեպքերի արդյունքում:

Վրաց պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է, որ կենդանաբանական այգին տուժեց, քանի որ  կոմունիստներն այն կառուցեցին եկեղեցիների ու վանքերի զանգերի հաշվին: «Երբ բոլշևիկները մուտք գործեցին Վրաստան, սկսեցին հալածանքները հավատացյալների նկատմամբ, իսկ եկեղեցիների ու վանքերի զանգերը հանեցին, հալեցրին և ստացված գումարով կառուցեցին կենդանաբանական այգին»,-ասել է պատրիարքը` կոչ անելով կենդանաբանական այգին տեղափոխել այլ վայր:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ  ստեղծված խնդիրների վերացման նպատակով արտակարգ շտաբ է ստեղծվել, որն աշխատում է  24-ժամյա ռեժիմով: Քաղաքապետ Դավիդ Նարմանիան հայտարարել է, որ այս պահի տվյալներով հաստատվել է, որ ջրհեղեղի արդյունքում զոհվել է 12 մարդ, մոտ այդքան մարդ էլ համարվում է անհետ կորած:  Իշխանությունները հավաստիացրել են, որ փոխհատուցելու են բոլոր նրանց, ովքեր տուժել են սարսափելի ջրհեղեղից:

Վերջին 40 տարվա մեջ ամենաուժեղ ջրհեղեղը երկրին տասնյակ միլիոնների վնաս է պատճառել:

Հունիսի 15-ը Վրաստանում հայտարարելվելու է սգո օր:

Ցուցադրել ավելի
Back to top button