ԿարևորՏնտեսական

Անընդունելի է երկու տարում էլ.էներգիան թանկացնել 60 տոկոսով, ասում է սպառողների իրավունքների պաշտպանը

lianaeghiazaryan

Երկու տարվա ընթացքում երեք անգամ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելն անընդունելի է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սպասվելիք թանկացմանն ու դրա հնարավոր ազդեցությանը բնակչության վրա: Չիլինգարյանը նկատել է, որ մեզ մոտ միշտ սակագնի բարձր շեմ են սահմանում, հետո ասվածից մի փոքր իջեցնում են` կարծես մխիթարելով ժողովրդին: Այնինչ, նրա հաշվարկով,  նույն ոլորտում 2 տարվա ընթացքում թանկացումը կազմում է 60-ից մինչեւ 100 տոկոս:

Հայաստանում  էլեկտրաէներգիայի թանկացման նոր նախաձեռնությունը «Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը համարում է նոնսենս , որպիսին  որեւէ  երկրում  տեղի չի ունենում:  «Խայտառակ վիճակ է»,- ասում է Չիլինգարյանն ու վերլուծելով վերջին տարիների միտումները` նկատում է` 2013թ-ին հոսանքը թանկացրին 8 դրամով՝ գինը դարձնելով 38 դրամ, 2014թ-ի թանկացումից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կազմեց 42 դրամ: Հիմա ուզում են գինը բարձրացնել 17 դրամով: Ստացվում է, որ երկու տարվա մեջ 100 տոկոսով թանկացնում են:

«Ոչ մի երկրում նման աննորմալ բան տեղի չի ունենում»,- հայտարարում է «Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահը: Եթե անգամ էլեկտրաէներգիան թանկանա ոչ թե 17, այլ 6.93 դրամով, ինչպես վերջին հայտարարության մեջ է ասվում, այս դեպքում ստացվում է, որ երկու տարում այն թանկանում է 60 տոկոսով, ինչը նույնպես անընդունելի է:

Այս առումով իրավիճակը համեմատելով Վրաստանի հետ` Կարեն Չիլինգարյանը նշում է` հարեւան երկրում սակագինը նվազման միտում ունի, բացի այդ` գինը սանդղակավորված է` մինչև 100 կՎտի համար սպառողը 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում է 20 դրամ, իսկ 100-300 կՎտ-ի համար՝ 26-27 դրամ, իսկ դրանից ավելի՝ 37-38 դրամ:

«Նրանց նույնիսկ ամենաբարձր սակագինը մեր սակագնից ցածր է, մինչդեռ Հայաստանը էլեկտրաէներգիա արտադրող երկիր է»,- տարակուսում է Չիլինգարյանը:

Սպառողների շահերի պաշտպանը չի ընդունում պատճառաբանությունը, թե սակավաջուր տարի է եղել և դա նույնպես իր ազդեցությունն է ունեցել: «Մի՞թե ամբողջ տարածաշրջանում այդ սակավաջրությունը միայն Հայաստանի վրա ազդեց»,- հարց է բարձրացնում բանախոսը:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը 32 տոկոս է կազմում, ոչ պաշտոնական տվյալներով՝ այս ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսը: Ինչպե՞ս են մարդիկ գոյատևելու, սա լուրջ խնդիր է և, բնական է, որ արտագաղթն ավելի մեծ տեմպերով կշարունակվի, քանի որ մարդիկ անելանելի վիճակում են հայտնվելու։ Այս թանկացումը կբերի շղթայական թանկացման, սպառումը կնվազի, կանխատեսում է Չիլինգարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button