ԿարևորՀասարակություն

Ֆիրդուսում կկառուցվի օղակաձեւ հրապարակ (ֆոտոշարք)

lianaeghiazaryan

Քաղաքաշինության նախարարությունը Երևանի Ֆիրդուսի կոչվող տարածքի համար մշակել է կառուցապատման սխեմա, որով տարածքը բաժանվել է լոտերի, յուրաքանչյուր լոտի համար մշակվել են կառուցապատման ամբողջ չափորոշիչները` խտություն, բարձրություն և այլն: ՀՀ քաղաքաշինության նախարարությունում այսօր նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք կառուցապատողների մասնակցությամբ հանդիպում-քննարկման ժամանակ առաջին անգամ պարզաբանել է, թե ինչ է կառուցվելու շուկայի տարածքում 3- 4 տարվա ընթացքում: Ոչ բազմաբնակարան շենք, ոչ էլ առեւտրի գոտի, այլ նոր հրապարակ` Կլորը։

Ինչ կկառուցվի Երեւանի «Ֆիրդուսի շուկայի» տարածքում, այսօր արդն հայտնի է: Ոչ բազմաբնակարաններ, ոչ առեւտրի գոտի, ոչ էլ նոր շուկա: Քաղաքաշինական նոր նախագիծը ենթադրում է Հանրապետության հրապարակի կողքին նոր` արդեն կլոր հրապարակի կառուցում: «Կառավարության շենքի անմիջապես հարակից տարածքում` Հանրապետության հրապարակի հարեւանությամբ, իրացման ենթակա տարածքը 5 հա-ից մի քիչ ավելի տարածք է»:

Աշխատանքների համար 3-4 տարի ժամանակ են նախատեսում: Ֆիրդուսին օտարելու նախագիծն ու   կառուցապատման սխեման արդեն կան: Սա մեկ քայլ առաջ է Ֆիրդուսի շուկայի տարածքի` տարիներով անորոշության մեջ գտնվող բնակիչների ու սեփականատերերի համար:

Այս տարածքները, հիշեցնեմ, կառավարությունը հայտարարել է իրացման գոտի` պետական գերակա շահ: Իրացման հարցը տարիներով ձգձգվում է, իսկ մարդիկ իրենց անշարժ գույքի հետ կապված ոչ մի քայլ նախաձեռնել չեն կարող:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում այսօր նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք կառուցապատողների հետ քննարկում էր 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսիի կառուցապատման հայեցակարգ-նախագիծը: Իրացման ենթակա է շուկայի շուրջ 54 հազար քմ տարածքը, որտեղ նախատեսվում է կառուցապատել շուրջ 200 000 քմ մակերեսով շենքեր և շինություններ: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը շուրջ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ է:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հրավիրում է պոտենցիալ ներդրողների ուշադրությունն ու ծրագրի մանրամասները ներկայացնում նախ խոստումների տեսքով. ներդրողը միայն հողամասի ձեռքբերման հետ գործ կունենա, փաստաթղթային հարցերն արագ կկարգավորվեն, փողոցների լուսավորման աշխատանքը ներդրողի ուսերին չի մնա: «Մանրամասն տիրապետում ենք իրավիճակին բոլոր մանրամասներով` քաղաքացիների տվյալներով, իրացման խնդիրներով, տարածքի կառուցապատման համար անհրաժեշտ բոլոր քայլերով»:

Բնակիչների փոխհատուցում, տարածքների արժեքի փոխհատուցման գին, սրանք կձևավորելվեն ըստ ներկայացվող տարածքի քմ-ի արժեքի, որն այժմ չի ներկայացվում, դեռ  որոշակիացվում է: Նախարարը նախնական պատասխան է տալիս` տարածքում 1 քմ-ն շուկայական գին կունենա` կենտրոնի գներին համահունչ, կոմունիկացիաների արժեքը ևս որոշակի առումով ընդգրկված կլինի դրա մեջ:

Մայրաքաղաքի 33-րդ թաղամասում, կամ ինչպես ժամանակին անվանել է Թամանյանը՝ Հարավային պողոտայում` ներկայիս Ֆիրդուսի շուկայի տարածքում, կկառուցվի եւս մեկ հրապարակ, սա կլինի նորը` Կլոր հրապարակը: Իրացման գոտին չի ներառելու այս տարածքի հուշարձան շենքերը:

Քաղաքաշինության նախարարը վստահ է` ներկայացվող տարածքը մեծ բիզնես-հետաքրքրություն է ներկայացնում իրենից, կառուցապատողներին անպայման կհետաքրքրի, բայց դժվարություններ կան քաղաքաշինական տեսանկյունից` նոր փողոցներ բացելու առումով դժվար կլինի:

Տիգրան Մեծ, Խանջյան, Հանրապետության փողոցները հատվելու են նոր կետում` նոր հրապարակում: «Նոր փողոց-մուտք է բացվելու Հանրապետության փողոցից, ու ստացվում է մեքենաների շրջանաձեւ միակողմանի շարժում»:

Հրապարակի կառուցումը նաեւ բիզնես ծրագիր է` հյուրանոցներ, սպասարկման ու բիզնես կենտրոններ, նաեւ բնակելի շենքեր ու ստորգետնյա մի քանի հարկանի ավտոկայանատեղի, հնարավոր է նաեւ մշակութային հատված: Բայց տարածքն ամբողջությամբ չպետք է խեղդվի կառույցների տակ, կենտրոնական մասը նախատեսվելու է հետիոտնի համար: Երթեւեկությունը կլինի հրապարակի թիկունքային հատվածից:

Ցուցադրել ավելի
Back to top button