Մշակույթ

ՄԻԴԵՄ-2015- ի պատվավոր հյուրը Հայաստանն էր (ֆոտոշարք)

Հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով, «Երա­ժշտության հայկական տարրերը» խորագիրը կրող հայեցակարգով մասնակցել է ՄԻԴԵՄ մի­ջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին:

Որպես ՄԻԴԵՄ-2015 փառատոնի Հայաստանի խոր­հրդանիշ ընտրվել էր ՆՈՒՌ-ը, որը պատկերված է չորս գույնով` խորհրդանշող չորս տարերքները` հողը, օդը, ջուրը և կրակը:

Հատուկ ՄԻԴԵՄ-2015 փառատոնի համար պատրաստվել էր «Մենք հայ ենք» խորագրով տեսահոլովակը, որը մշտապես ցուցադրվում էր տաղավարում և բացօթյա տարածքներում:

Հունիսի 6-ին, «Պալե դե ֆեստիվալի» հիմնական ցուցադրության հատվածում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը:

Փառատոնային օրերի ընթացքում ելույթ են ունեցել  «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ ու «Կատուներ» համույթները, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, «Ամբասադոր», «Դորիանս» և «Ակուստիկ հոլլ» խմբերը, Հովեր պետական կամերային երգչախումբը: Վերջինիս համերգին ներկա էր լեհ անվանի կոմ­պո­զիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, որի Հայոց ցեղասպա­նության 100-րդ տարելիցին նվիրված  «Սաղմոս 3» ստեղծագործությունը կատարվեց երգչախմբի կողմից: «Դեբյուսի» համերգասրահում տեղի  է ունեցել Հայաստանի պետա­կան երիտասարդական նվագախմբի համերգը՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ: Համերգը հեռարձակվել է Հայաստանի Հան­րային հեռուստաընկերության ուղիղ եթերով, զուգահեռաբար, ցուցադրվել Կասկադ համալիրում տեղադրված մեծ էկրան­ներին:

Այս օրերին «Պալե դե ֆեստիվալի» սրահներից մեկում անցկացվել են դա­սախոսություններ՝ նվիրված հայկական երա­ժշտարվեստին:

Կաննում Հայաստանը լիարժեք ներկայացված էր նաև վիզուալ առումով.  այդ օրերին քաղաքը զարդարված էր հայկական գույներով, հրապարակները` «Հա­յաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահա­նակներն ազդարարում էին հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված էր Հայաստանին:

ՄԻԴԵՄ երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնը հիմնադրվել է 1966 թ.  Կաննում և համարվում է ոլորտում առա­­ջատար փառատոներից մեկը: Փառատոնին մասնակցում են աշխարհի  ձայնագրման հեղի­նակավոր ֆիրմաները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյու­սերական կենտրոններ, երաժշտական հրատարակչություններ, հայտնի մենակատարներ և երաժշտական խմբեր:

Ցուցադրել ավելի
Back to top button