Հասարակություն

Հուլիսի մեկից զինվորական կենսաթոշակների չափերը կբարձրանան շուրջ 14 տոկոսով

karenghazaryan
Կառավարության որոշմամբ՝ հուլիսի մեկից զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 16 հազար դրամ, իսկ աշխատանքային զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ՝ գործող 1300 դրամի փոխարեն: Հուլիսի մեկից զինծառայողների կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ պարզաբանումներ է ներկայացրել սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: Նրա փոխանցմամբ՝ հուլիսի մեկից զինվորական կենսաթոշակների չափերը կբարձրանան միջինում շուրջ 14 տոկոսով: Նա նշել է, որ սա միջինացված ցուցանիշ է եւ ավելի բարձր չափի կենսաթոշակների պարագայում աճի տոկոսը ավելի ցածր կլինի: Ըստ Սմբատ Սաիյանի, ընդհանուր առմամբ, հարցն առնչվում է 25-26 հազար զինվորական կենսաթոշակառուների՝ երկարամյա ծառայություն անցածներ, զինծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցողներ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկներ, ինչպես նաեւ՝ զոհվածների ընտանիքներ:

Սմբատ Սաիյան. «Այս բարձրացումը նախատեսված է եղել դեռեւս 2015 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում: Այնտեղ նախատեսված եղել են խնդրո առարկա բարձրացումները, սակայն, սպայական «Սպայական անձնակազմի կենսաթոշակներ» ծրագրով ամրագրված գումարները, թերեւս, բավարար չեն այս բարձրացումները ֆինանսավորելու համար եւ որոշակի տոկոս կֆինանսավորվի ներքին խնայողությունների հաշվին: Եթե խոսելու լինենք թվերի լեզվով, 2015 թվականի պետական բյուջեով սպայական անձնակազմի կենսաթոշակների վճարման համար նախատեսվել է շուրջ 20.9 մլրդ դրամ: Դրանից առաջին կիսամյակում արդեն փաստացի ծախսվել է շուրջ 10.3 մլրդ դրամը եւ եթե խոսում ենք շուրջ 15 տոկոս միջինացված բարձրացման մասին, ապա եւս շուրջ 12 մլրդ նախատեսվում է ծախսել երկրորդ կիսամյակում, ինչը նծանակում է, որ տարեկան ծախսը 2015 թվականին կկազմի շուրջ 22 մլրդ դրամ: Պետական բյուջեով նախատեսված է շուրջ 21 մլրդ դրամ, մնացած 1 մլրդ դրամի կարգի գումարը կֆինանսավորվի ներքին խնայողությունների հաշվին»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button