ՀասարակությունՑեղասպանություն 100

Ինչպես է գնահատում հասարակությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները. հարցում

karenghazaryan
Ինչպե՞ս են գնահատում Հայաստանի քաղաքացիները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները եւ ի՞նչ ակնկալիքներ ունեն դրանցից հետո: Այս հարցերի շուրջ Հայաստանի տարածքում հարցումներ է անցկացրել «Գելափ ինթերնեշընըլ» կազմակերպության Հայաստանյան ներկայացուցչությունտ: Կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ամփոփելով հարցումների արդյունքները, նշել է, որ ստացված պատկերն իրենց համար անակնկալ չի եղել, բացառությամբ հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող հարցի: Հարցվածների միայն 15 տոկոսն է այն համարել այժմեական խնդիր, մինչդեռ՝ իրենք ակնակալում էին, որ սահմանի բացման անհրաժեշտությունը ավելի շատ կողմնակիցներ կունենար:

 

Դեմ առ դեմ հարցումները «Գելափ ինթերնեշընըլ»-ի հայաստանյան ներկայացուցչությունն անցկացրել է Հայաստանի ողջ տարածքում՝ ներկայացուցչական սկզբունքով, 1105 քաղաքացիների շրջանում: Հարցումներն անցկացվել են մայիսի 5-ից 13-ը: Կազմակերպությունում սխալականության հավանականությունը համարում են 3 տոկոս: Որոշ ուշագրավ արդյունքների մասին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած մի շարք միջացուռումներից եւ իրադարձություններից Հայաստանի քաղաքացիների մոտ ամենաշատը տպավորվել է Ապրիլի 24-ին ՌԴ-ի, Կիպրոսի, Ֆրանսիայի եւ Սերբիայի նախագահների այցը Ծիծեռնակաբերդ: Այս մասին նշել է հարցվածների 49 տոկոսը: Երկրորդ տեղում է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Պապի կողմից մատուցված պատարագը՝ 42 տոկոս:

Երրորդ հորիզոնականում Քարդաշյանների այցն է Հայաստան: Այս իրադարձությունը տպավորվել է հարցվածների 24 տոկոսի մոտ: 22 տոկոսի մոտ տպավորիչ է եղել ջահերով երթը, 21-ի մոտ՝ SOAD-ի համերգը: Հաջորդում են Շառլ Ազնավուրի այցը, ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը եւ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գիտաժողովը: Հարցվածները գնահատել են նաեւ ցեղասպանության 100-րդ տարելիցը համակարգող հանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառումների որակը՝ 1-5 բալանոց սանդղակով:

«1-ը նվազագույնն է, 5-ը՝ առավելագույնը: Գնահատականը, որ տվել են 4.58-ն է, ինչը բավականին դրական գնահատական է»:

Հարցումներով փորձ է արվել հստակեցնել նաեւ, թե ինչպիսի՞ զարգացումներ են տեսնում Հայաստանի քաղաքացիներն այսուհետ: Նման լայնամասշտաբ միջոցառումներն արդյո՞ք ազդեցություն կունենան Թուրքիայի եւ այլ երկրների կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացների վրա: Հարցվածների 12 տոկոսն է միայն կարծում, որ անցկացված միջոցառումները միանշանակ ազդեցություն կունենան Թուրքիայի վրա: Ավելի շուտ ազդեցություն կունենա՝ հարցվածների 24 տոկոսի կարծիքով:

«Այսինքն, մոտ 36 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի վրա ազդեցություն կունենան միջոցառումները: 58 տոկոսի կարծիքով՝ ոչ մի փոփոխություն չի լինի Թուրքիայի դիրքորոշման մեջ»:

Հարցվածների 83 տոկոսի կարծիքով՝ կազմակերպված միջոցառումները ազդեցություն կունենան այլ երկրների վրա՝ ցեղասպանության ճանաչման առումով: Արամ Նավասարդյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրությամբ փորձել են հասկանալ նաեւ հայաստանցիների կարծիքը՝ կապված հարցի հետ, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենա հայությունը Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման դեպքում:

«60 տոկոսը նշել է հողերի վերադարձ: 54 տոկոսը՝ նյութական փոխհատուցում, 26 տոկոսը՝ հայ-թուրքական սահմանի բացում»:

«Գելափ ինթերնեշընըլ»-ի հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ իրենք ակնկալում էին, որ հայ-թուրքական սահմանի բացումն ավելի այժմեական պիտի համարվեր, սակայն, փաստորեն հայաստանցիներն այդ խնդիրն աժմեական չեն համարում եւ ավելի շատ ակնկալում են հողերի վերադարձ եւ փոխհատուցում՝ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման պարագայում: Թե մինչ այդ ինչպիսի՞ հարաբերություններ պետք է ստեղծել Թուրքիայի հետ՝ հայաստանցի հարցվածների 54 տոկոսի կարծիքով, պետք է շարունակել պայքարը մինչեւ ճանաչումը: Հարցվածների 32 տոկոսի կարծիքով՝ պետք է ստեղծել դիվանագիտական հարաբերություններ՝ օրակարգում թողնելով ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ 19 տոկոսը կարծում է, որ պետք է հետամուտ լինել հայ-թուրքական սահմանի բացմանը: Հարցվածների 14 տոկոսն էլ կարծիք է հայտնել, որ պետք է ստեղծել տնտեսական կապեր՝ ունենալով սահմանափակ դիվանագիտական հարաբերություններ, իսկ 6 տոկոս էլ նշել է, որ պետք է համագործակցել մշակութային եւ հասարակական ոլորտներում:

Ցուցադրել ավելի
Back to top button