Հասարակություն

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը

Հունիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ ‪‎Նալբանդյանն‬ ընդունել է Իրանի խորհրդարանի Իրան‬‪‎Հայաստան‬ բարեկամության խմբի ներկայացուցչական պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Ալի Քաիդիի‬ գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` կարևորելով պարբերական քաղաքական երկխոսությունը ինչպես գործադիր իշխանությունների, այնպես էլ խորհրդարանների մակարդակով։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնները։ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունները լավ հիմք են ստեղծում տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման համար։

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի դերակատարությունը երկու երկրների միջև փոխհարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում։

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց իրանահայ համայնքի և Իրանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ երկրի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար։ Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Իրանի խորհրդարանում իրանահայ պատգամավորների ներկայությունը։

Ալի Քաիդին ներկայացրել է Իրանի մեջլիսի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի, դրա շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ցուցադրել ավելի
Back to top button