Քաղաքական

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քվեարկության կդրվի այաստանի համար անբարենպաստ փաստաթուղթ

lenabadeyan
Հունիսի 22-26 գումարվելու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում քվեարկության է դրվելու Հայաստանի համար անբարենպաստ մի փաստաթուղթ: Եթե այն ընդունվի, ապա կստանա Բանաձեւի կարգավիճակ, բայց արդեն ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում փաստաթուղթը դրվել է քվեարկության եւ ընդունվել է: Իսկ Հայաստանի համար անբարենպաստ այն է, որ փաստաթղթում բառացիորեն գրված է. «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: Ինչ է սա ենթադրում, ինչ հետեւանքներ կարող է ունենալ եւ ամենակարեւոը՝ ում թերի աշխատանքի հետեւանքն է նման փաստաթղթի ընդունումը: Աժ գարնանանային նստաշրջանի վերջին ճեպազրույցներին հավանաբար սա էր ամենակարեւոր հարցը, որին փորձում էին պատասխանել բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

 

 

Ինչու Հայաստանը չկարողացավ կանխել ԵԽԽՎ-ում մեզ համար անբերանպաստ փաստաթղթի շրջանառությունն՝ էլ չեմ ասում ընդունումը, թեկուզ առայժմ միայն Մոնիտորինգի հանձնաժողովում: «Ադրբեջանի նավթային եւ խավիարային քաղաքականության» արդյունավետության մասին պատասխաններն, իհարկե,  ամենատարածվածն են Աժ-ում: Քանի որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը Հանրապետական խմբակցությունից է, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը միանգամից պատասխանում է՝ փաստաթղթի ի հայտ գալը որեւէ մեկի թերացում չէ:

Այս հարցում Հանրապետականների հետ համակարծիք է Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ասում է. «Քանի պահպանվում է Մինսկի խումբի ձեւաչափը՝ նման հայտարարությունները որեւէ հետեւանք չեն կարող ունենալ»: Բայց համապատասխան հետեւություններ, իհարկե, պետք է անել՝ մեծացնել հայկական գործոնի ազդեցությունը, պայքարել բոլոր մակարդակներով եւ ամենակարեւորը՝ ադրբեջանական ուժեղացած լոբբիի ֆոնին չեզոքացնել Խորհրդարանական Վեհաժողովի ցանկությունը՝ փոխել բանակցային գործընթացի ձեւաչափը: Պատգամավորը հստակեցնում է՝ ձեւաչափի փոփոխությունը հնարավոր է միայն բանակցային կողմերի համաձայնության դեպքում, իսկ Հայաստանն այս տարբերակին հստակ դեմ է:

Վերադառնալով փաստաթղթին հիշեցնենք «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» արտահայտությունը ներառված է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով զեկույցում, որի հեղինակները Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդն ու Թադեուշ Իվինսկին են: Բացի այդ ԵԽԽՎ-ում պատրաստվում է մեկ այլ զեկույց էլ՝ «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանմամբ, այն պատրաստում է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը: Այս ամենի համար ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ իր մեղքի բաժինը չի զգում, ասում է՝ արել է հնարավորը:

Բացատրելու համար այս հարցում գրեթե ժամանակ չի մնացել: Հունիսի 22-26 գումարվելու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում քվեարկության է դրվելու Հայաստանի համար անբարենպաստ փաստաթուղթը:

Ցուցադրել ավելի
Back to top button