Հասարակություն

Անկախ Հայաստանի դատական կենսագրության մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերի վերանայման որևէ նախադեպ

alisagevorgyanannanazaryan
«Անխուսափելի է, որ ազատազրկման վայրերում մենք ևս ունենք իքս թվով  մարդիկ, որոնք դատապարտվել են հանիրավի»: Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հռետորական հարց է ուղղում՝ արդյո՞ք նրանց  ճակատագիրը պետք է անուշադրության մատնենք, թե՞ որպես մարդասիրական հասարակություն,  մենք այլ ճանապարհ ենք ընտրում: Ցմահ դատապարտյալների խնդրի առնչությամբ ինչպիսին է վերաբերմունքը Հայաստանում: «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձը:

 

 

Զարգացած  երկրներում այսօր ակտիվորեն կիրառվում է դատական գործերի վերնայման պրակտիկան: Արդյունքում բազմաթիվ են արդարացման և պատժաչափի նվազեցման դեպքերը: Այս ոլորտում կարևոր գործիք է դարձել ԴՆԹ թեստի կիրառումը, որի շնորհիվ  Միացյալ նահանգներում միայն վերջին տասը տարիներին ազատություն է ստացել 330 մարդ  մարդ: Նրանցից մոտ 200-ը դատապարտված են եղել մահապատժի: Դատական սխալների անխուսափելիությունն այսօր ընդունում է ողջ քաղաքակիրթ աշխարհը՝ ստեղծելով մեխանիզմներ այդ սխալների ծանրագույն հետևանքները վերացնելու համար: Այս առումով ինչպիսին է պատկերը  Հայաստանում:

Պարզվում է, որ անկախ Հայաստանի դատական կենսագրության մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտվածների  գործերի վերանայման որևէ նախադեպ: «Մեր դատական համակարգը կտրականապես ժխտում է, որ հայաստանյան բանտերում ևս կարող են լինել անմեղ մարդիկ»,-ասում է հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը, ով անձամբ ուսումնասիրել է ցմահ դատապարտյալների գործերով դատական արխիվները:

Եվ, ըստ լրագրողի, թերևս ամենազարմանալին. բոլոր դատավճիռներն ավարտվում են՝ ոչնչացնել իրեղեն ապացույցները  նախադասությամբ: Ստացվում է, որ վերոնշյալ ցմահ դատապարտյալների գործով չկան իրեղեն ապացույցներ: Երեք ցմահ դատապարտյալների՝ Արթուր Մկրտչյանի, Սողոմոն  Քոչարյանի և Մհեր Ենոքյանի գործերով, մամուլում եղել են հրապարակումներ նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ: «Անգամ այս դեպքում դատախազությունը մերժում է գործերի վերանայումը»,-ասում է Զարուհի Մեջլումյանը: Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը խոստովանում է, որ ցմահ դատապարտյալների նկատամամբ հայ իրավական համակարգի նման ժխտողականությունը հասկանալու համար լուրջ ջանքեր է գործադրել, բայց ապարդյուն:

Հայկական դատական համակարգում հնարավո՞ր են արդյոք սխալներ, թե՞ ոչ: Ըստ փաստաբան Լևոն Բաղդասարյանի՝ հարցին պատասխանելու համար բավարար է ընդամենը մեկ սոց հարցումը  և հասարակությունը կարտահայտի իր, այսպես ասած, հիացական վերաբերմունքը, որն ըստ նրա, առանց հարցման էլ բոլորիս հայտնի է:

Անխուսափելի է, որ ազատազրկման վայրերում մենք ևս ունենք իքս թվով մարդիկ, որոնք դատապարտվել են հանիրավի: Փաստաբանը հռետորական հարց է ուղղում ՝արդյոք նրանց  ճակատագիրը պետք է անուշադրության մատնենք, թե  որպես մարդասիրական հասարակություն,  մենք այլ ճանապարհ ենք ընտրում: Նշենք, որ Լևոն Բաղդասարյանը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի շահերի պաշտպանն է: Նրա պաշտպանյալի գործով ևս, ինչպես արդեն նշվեց, առկա են նոր երևան եկած հանգամանքներ, որոնք, ըստ փաստաբանի, համառորեն անտեսվում են:

Ցուցադրել ավելի
Back to top button