Հասարակություն

Տանզանիայից Երևան ժամանած ուղևորի մոտ մալարիա է հայտնաբերվել

Հունիսի 10-ին ժամը 14:00-ին, Աէրոֆլոտ -ռուսաստանյան  ավիաընկերության օդանավով Տանզանիա-Մոսկվա-Երևան չվերթով աշխատանքային այցով Երևան է ժամանել  Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացի։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանների կողմից հեռակառավարման ջերմացույցով ուղևորի մոտ հայտնաբերվել է բարձր` 39.2 աստիՃան ջերմություն, ընդհանուր թուլություն և  տենդի նախանշաններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Որպես մալարիայով կասկածելի հիվանդ բժիշկ-համաճարակաբանները կազմակերպել են նրա հոսպիտալացումը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արևադարձային մալարիա։ ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը  ժամը 21:30-ի դրությամբ հիվանդի վիճակը գնահատել է միջին ծանրության։ Ջերմությունը 39.5 աստիճան` ինչը բնորոշ է արևադարձային մալարիային։ Հիվանդն ապահովվել է անհրաժեշտ դեղերով, ստանում է չափորոշիչներով սահմանված բուժում։
Հիվանդի հոսպիտալացման և բուժման աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողությամբ։

 

Back to top button