ՄշակույթՑեղասպանություն 100

Ստեփան Ռոստոմյան.«Քեզ հետ, Հայաստան» նախագծի արդյունքը սպասվածից ավելին էր

alisagevorgyan
«Երևանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի իրականացնում է աննախադեպ ծրագիր՝ «Քեզ հետ, Հայաստան», որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագիրը ներկայացնում է  իրադարձային համերգների շարք արտերկրում՝  աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն այսօր նշել է, կես ճանապարհն արդեն անցել են: Փառահեղ համերգներ են կայացել Բրյուսելում, Տալինում, Երուսաղեմում և Նյու Յորքում: Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցին նվիրված ծրագրի շրջանակներում  հանդես են եկել աշխարհահռչակ երաժիշտներ, այդ թվում՝  Պինկաս Ցուկերման, Դանիել Հարգինգ,  Եվգենի Կիսին,  Վալերի Գերգիև,  Մաքսիմ  Վենգերով և այլն: «Սպասված արդյունքն անհամեմատ ավելին էր, քան կարող էինք պատկերացնել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշել է Ստեփան Ռոստոմյանը:

 

 

 

Արդեն կայացած չորս փառահեղ համերգներ Բրյուսելում,  Տալինում, Երուսաղեմում  և Նյու Յորքում, ինչը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանին վստահություն է ներշնչում պնդելու, որ ռիսկն արդարացված էր: «Աշխարհի ամենահեղինակավոր  բեմերում հայը ցույց տվեց իր գենետիկ հզոր ուժը՝ ապացուցելով, որ հայը ոչ միայն չի ոչնչացել, այլև իր առաքելության բարձր գիտակցումով արժանիորեն կարողանում է մաս կազմել համաշխարհային մշակույթի մեծ ընտանիքին»,-ասում է Ռոստոմյանը: Չորս համերգների ընթացքում  հնչել են Կոմիտասի, Խաչատրյանի, Մանսուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, հայ անվանի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ռոստոմյանի բնորոշմամբ պատմական էր Նյու Յորքի  Քարնեգի համերգասրահում «Հովեր» երգչախմբի ելույթը, որը ներկայացրեց Քշիշտոֆ Պենդերեցկու Հայոց ցեղասպանությանը նվիրված  նոր ստեղծագործությունը: Իր գովեստներում բավականին ժլատ «Նյու Յորք թայմս»-ի գլխավոր երաժշտական քննադատն այդ համերգի մասին արտահայտվել էր  ամենաջերմ խոսքերով»,-ասում է Ստեփան Ռոստոմյանը:

Լոնդոնից բացի «Քեզ հետ Հայաստան» նախագծի շրջանակներում առջևում Սանկտ Պետերբուրգի, Հռոմի և Վիեննայի համերգներ են: Հիշեցնենք, որ նախագիծն իրականացվում է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող  հանձնաժողովի, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության  աջակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button