Հասարակություն

Պետությանը վայել արարք. Հակոբ Հակոբյանը՝ զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու մասին

lenabadeyan
Պետությունն առաջիկայում փորձելու է նաեւ ֆինանսական պատասխանատվություն ստանձնել այն զինծառայողների հանդեպ, որոնց վնասվածքների բուժումը պետք է տեղի ունենա արտերկրում: Այս նախագիծը՝ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ գտնվում է Աժ-ի օրակարգում եւ արդեն քննարկվում է առաջին ընթերցմամբ: Աժ-ի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծին, տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Այն զինծառայողները, ովքեր մարտական գործողությունների կամ հերթապահության ընթացքում ստացել են վնասվածք, որը ՀՀ-ում վերականգնել, բուժել հնարավոր չէ, ապա պետական միջոցների հաշվին այն կատարել արտերկրում: Գործողությունը մինչեւ այժմ կառուցվում էր ՊՆ եւ այլ ճանապարհներով՝ օգնություններով եւ այլն, մենք հիմա տեղափոխում ենք օրենքի դաշտ: Կարծում եմ պետությանը վայել արարք է»:

Թեեւ նախագիծն ընդունելի է բոլոր պատգամավորների համար, բայց թե՛ Թեւան Պողոսյանը, թե՛ Հեղինե Բիշարյանը առաջ են քաշել սոցիալական արդարության հարցը՝ ինչու՞ պետությունը պետք է հոգ տանի միայն մարտական գործողությունների կամ հերթապահության ժամանակ վիրավորված զինծառայողների արտասահմանում բուժման ծախսերը: Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը փորձեց անկեղծ պատասխանել:

«Անարդարությունը ավելի շատ կլինի այն դեպքում, երբ մենք 2015 թվականի պայմանական ապրիլին կամ հունվարին մարտական գործողությունների ընթացքում վիրավորին չուղարկենք բուժման այս կարգով, բայց 2016 թվականի հունվարի 1-ին վիրավորին ուղարկենք: Սա ավելի անարդար կլինի: Այդ արդարությունների մեջ էլ պետք է գտնել ամենաքիչ անարդարություն պարունակող էլեմենտը: Հանձնաժողովը գտնում է, որ այդ էլեմենտը, որ ամենաքիչ անարդարություն իր մեջ կպարունակի դա այն է, որ Կառավարությունը պետք է ունենա մասնագիտական բժշկական հանձնաժողով, որպեսզի մինչեւ 2016 թվականը կարողանանք ցուցակագրել այն զինվորներին, զինծառայության մեջ եղած մարդկանց, ավքեր բավարարում են այն պահանջներին, որը նախատեսված է օրենքով,  որպեսզի բոլորը կարողանան մասնակից լինել այս գործողությանը: Կարծում եմ, մեր եղած հնարավորությունները եւ այսօրվա սկզբունքը տանելու, զարգացնելու համար սա ավելի ճիշտ է, մոտեցումը արդար»:

Ցուցադրել ավելի
Back to top button