ՎերլուծականՔաղաքական

Հայաստան- ՆԱՏՕ համագործակցությունը կառուցողական է, հայտարարում են գիտաժողովի մասնակիցները

karenghazaryan

Այսօր Երեւանում անցկացվել է «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» միջազգային գիտաժողովը, որը նախաձեռնել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ իրենց նպատակը ՆԱՏՕ-Հայաստան ներկայիս հարաբերությունները հանրությանը ներկայացնելն է ու աշխարհում տեղի ունեցող ներկա մարտահրավերներին ՆԱՏՕ-ի արձագանքների մասին  խոսելը:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի կառավարության համագործակցությունը բավականին կառուցողական է: Վերլուծաբանը կարծում է, որ ակնհայտորեն ՆԱՏՕ-ի հետ պետք է աշխատել, սակայն, քանի որ մենք անվտանգության այլ համակարգում ենք, այդ համագործակցությունը պիտի լինի որոշակի խորության:

«Այն, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը լրացնում է մեր անվտանգությունը՝ կասկած չկա: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն շատ ճիշտ է համագործակցում Հայաստանի հետ. համագործակցում է այն մակարդակով, որը ուզում է Հայաստանը՝ առանց ավելորդ աղմուկի, առանց ինչ-որ ամբիցիաների»,- ասում է Գրիգորյանը։

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը որոշակի հարթության է բարձրացել խաղաղապահ առաքելությունների իրականացման ուղղությամբ: Դրանից Հայաստանի հեղինակությունը միանշանակ բարձրացել է: Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ՝ հումանիտար, գիտական ծրագրերը նույնպես այն ոլորտներից են, որտեղ կա համագործակցության լավ արդյունք: Նրա համոզմամբ՝ այդ ուղղություններով համագործակցությունը բավականին օգտակար է Հայաստանի համար:

Նույն կարծիքին է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նա համոզմունք հայտնեց, որ նման ուղղություններով համագործակցությունը կխորանա: «ՆԱՏՕ-ն ԵՏՄ-ի հետ որեւէ առնչություն չունի: Միշտ ասել է, որ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է՝ ուր էլ, որ գնա: Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ունի իր օրակարգը՝ անհատական մոտեցումներով եւ որեւէ միտում այդ զարգացմանը խոչընդոտելու այսօրվա դրությամբ չկա: Հայաստանը միշտ ազատ է ընտրելու այն հնարավորությունների շրջանակը, որն իրեն պետք է եւ ես ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ն էլ ողջունում է Հայաստանի այդ ազնիվ մոտեցումը»։

Այն խնդիրներից, որտեղ կլինեն հարցեր եւ  չեն նպաստի Հայաստանի շահերին,   պետք է զերծ մնանք, հավելեց պատգամավորը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ունի տարբեր ձեւաչափեր, որտեղ Հայաստանը կարող է բարձրաձայնել իր խնդիրները:

ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսի խոսքով՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկերության շատ կարեւոր երկիր է: Նա գնահատեց խաղաղապահ առաքելության մեջ լավ համագործակցությունը եւ հույս հայտնեց, որ միասին նոր հաջողություններ կարձանագրվեն:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ընդհանուր առմամբ՝ շատ ուրախ են, որ Հայաստանն ունի նման հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ եւ կարծում է, որ հաջողություններ կլինեն:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի անդամ լինելու եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու վերաբերյալ հարցին՝ Ռայներ Մորելը նախ նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի լավ անդամ է, ապա հավելեց, թե աշխարհում այլ հնարավորություններ էլ կան եւ Հայաստանը պետք է կարողանա օգտվել նաեւ այլ հնարավորություններից: Նա շեշտեց, որ Հայաստանի հետ լավ համագործակցություն կա խաղաղապահ առաքելության մեջ եւ դա փաստում է, որ հնարավոր է միասին լավ համագործակցել:

Գերմանիայի դեսպանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի կողմից հնչած հայտարարությանը, համաձայն որի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ընդլայնել՝ ներառելով նաեւ Գերմանիան: Դեսպանը շեշտեց, որ Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, իսկ խմբի անդամ դառնալու ցանկություն չունի:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի քննարկումը Բունդեսթագում հետաձգելու հարցի մասին՝ դեսպանը նշեց, որ չի կարող կանխատեսումներ անել, սակայն, համոզված է, որ դա տեղի կունենա: Նա հիշեցրեց, որ Գերմանիայի նախագահը պարզ է արտահայտվել, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր, ապա հավելեց, թե ինքը ուրախ է, որ նախագահը նման կերպ արտահայտվեց:

Ցուցադրել ավելի
Back to top button