Տնտեսական

Վարչապետն ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավար Հանս Վաններին:

Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և նշել, որ Հայաստանը հանձնառու կերպով կատարում է միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները՝ զուգահեռաբար բարելավելով ազգային օրենսդրությունը միջուկային անվտանգության ոլորտում, տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանս Վանները շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և կարևորել կառավարության՝ այս բնագավառում ստանձնած պարտավորությունները հետևողականորեն կատարելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են միջուկային անվտանգության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Պարոն Վանները ներկայացրել է իր գլխավորած առաքելության ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները՝ Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության կարգավորման և ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության չափանիշներին շարունակական համապատասխանեցման վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացումը: Վարչապետը նշել է, որ ատոմակայանի անվտանգ շահագործումը և ապահովության մակարդակի բարձրացումը գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, և գործադիրը շարունակելու է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունն այս ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button