Մշակույթ

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնն ընդլայնվում է

Արագածոտնի մարզի Ուջան գյուղը ցանկանում են դարձնել «Սասնա ծռեր» էպոսի կենսունակության և հանրահռչակման մշակութային տարածք: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ապրիլ ամսից անցկացվող «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնն այս տարի ներառում է էպոսասացության մրցույթ և շարադրությունների օլիմպիադա: Հաղթողները հանդես կգան փառատոնի եզրափակիչ միջոցառմանը, որը տեղի կունենա հենց Ուջան գյուղում:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զարգացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը` ապրիլ ամսից անցկացնում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը:

Այն առաջին անգամ իրականացվել է 2011 թվականին` Արագածոտնի մարզի Ուջան համայնքում, հաջորդ տարիներին` Իրինդ և Ներքին Բազմաբերդ համայնքներում:

Փառատոնի նպատակն է նպաստել ազգային, ավանդական, հոգևոր-մշակութային արժեքների ճիշտ ընկալմանն ու գիտակցմանը, դրանց տարածմանն ու պահպանմանը: Այն կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Այս տարի «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը ներառում է էպոսասացության մրցույթ և շարադրությունների օլիմպիադա: Հաղթողները հանդես կգան փառատոնի եզրափակիչ միջոցառմանը, որը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում` միտված լինելով այն դարձնել էպոսի կենսունակության և հանրահռչակման մշակութային տարածք:

Այս տարվա նորարարությունն այն է, որ առանձին միջոցառումներ կանցկացվեն նաև ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:

Ցուցադրել ավելի
Back to top button