Պաշտոնական

ՀՀ նախագահն ընդունեց ԵՀԽ գործադիր կոմիտեի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի պատվիրակությանը՝ Գլխավոր քարտուղար Դր. Օլավ Թվեյթի գլխավորությամբ: Նախագահը պատվիրակության հետ միասին հյուրընկալել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այն անցկացվում է Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի ԵՀԽ-ում համանախագահության առիթով:

Սերժ Սարգսյանը կարևորել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործունեությունը, որին Հայ Առաքելական եկեղեցին անդամակցում է ավելի քան կես դար: Նախագահը երախտագիտությամբ է նշել, որ խորհուրդը մշտապես հոգածությամբ է մոտեցել համայն հայությանը հուզող հարցերին՝ դեռևս 1983թ. ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Հանրապետության Նախագահն ընդգծել է մեր ժողովրդի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առանձնահատուկ նշանակությունը, որը հայոց պետականության երկարատև բացակայության պայմաններում մշտապես եղել է ազգապահպանության կարևոր կենտրոն: Հայաստանի անկախության վերականգնումից հետո էլ, Նախագահի խոսքով, եկեղեցին և պետությունը սերտորեն համագործակցում են՝ ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հարատևության ու բարօրության:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՀԽ հայաստանյան հավաքը կանցնի ջերմ մթնոլորտում՝ նպաստելով ինչպես խորհրդի օրակարգային հարցերի նպատակների իրականացմանը, այնպես էլ նոր խթան և շունչ հաղորդելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ երկխոսությանը:

Հանդիպման ժամանակ Նախագահը բարձր է գնահատել ս.թ. ապրիլին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Գլխավոր քարտուղար Դր. Օլավ Թվեյթի այցը Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին՝ այդ թվում Սրբադասման արարողությանը մասնակցելու նպատակով: Նախագահն առանձնակի շնորհակալություն է հայտնել նրան և Գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այկազյանին՝ ս.թ. մայիսին Վաշինգտոնի Մայր տաճարում էկումենիկ աղոթքի կազմակերպման գործում նշանակալի ավանդի համար:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հայ ժողովուրդը մշտապես զգացել է համամարդկային արժեքներ դավանող իր բարեկամների աջակցությունը, որը նորովի դրսևորվեց այս տարի ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված՝ իր տեսակի մեջ աննախադեպ պատարագով:

Նախագահը կարևորել է նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի՝ կրոնական հանդուրժողականություն տարածելու առաքելությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս երկխոսության, հանդուրժողականության, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին, և այդ սկզբունքային դիրքորոշումը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:

ԵՀԽ գործադիր կոմիտեի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` հանդիպման և ջերմ հյուրընկալության համար, ընդգծելով, որ պատվիրակությունը Հայաստանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արդարության և խաղաղության իր ուխտը կատարելու, ինչպես նաև ավելի ամրապնդելու Հայ եկեղեցու և Քույր եկեղեցիների միջև ձևավորված հարաբերությունները՝ միտված եկեղեցիների միջև եղբայրական կապերի զորացմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button