Հասարակություն

ՀՀ ժողովրդագրական իրավիճակը՝ 2015-ի առաջին եռամսյակում

karenghazaryan
2015 թվականի առաջին եռամսյակի ժողովրդագրական իրավիճակն է այսօր ամփոփել Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա փոխանցմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 7708 մահացության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 3 տոկոսի նվազում կա: Այս տարվա առաջին եռամսյակում նվազել են  նաեւ ծնելիության ցուցանիշները:

 

Կարինե Կույումջյանի փոխանցմամբ՝ մահացության առումով վերջին տարիներին՝ 2008-ից սկսած, կայուն իրավիճակ է. տարեկան մոտ 27 հազար մահացություն:

«Պիտի ասեմ, որ մահացության կառուցվածքում մեծահասակներն են գերակշռում, քանի որ մեր բնակչության մեջ ավելանում է մեծահասակների մասնաբաժինը, իսկ նրանց մահացությունն ավելի բարձր է: Մահացության էս ծավալները հասնում են ավելի մեծահասակ բնակչության աճի հաշվին»:

2015 թվականի առաջին եռամսյակում նվազել է ծնելիության ցուցանիշը՝ շուրջ 2 տոկոսով: Առաջին եռամսյակում ծնվել է 9452 երեխա: Ծնելիության ամենացածր ցուցանիշներն ունեն Սյունիքի եւ Տավուշի մարզերը՝ տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի բաժնի ղեկավարը:

Կարինե Կույումջյանի փոխանցմամբ՝ ամուսնությունների գրանցումներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 4346: Ամուսնության դեպքերը նվազել են 9.4 տոկոսով: Ամուսնալուծությունների դեպքերը նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին եռամսյակին 22.5 տոկոսով նվազել են: Գրանցվել է 938 ամուսնալուծություն:

Անդրադառնալով միգրացիոն տեղաշարժերի իրավիճակին՝ Կարինե Կույումջյանը նշեց, որ կան տարբեր աղբյուրներ: Հիմնականը՝ ոստիկանության անձնագրային բաժինների կողմից կատարված կատարված հաշվառումից դուրս գալու եւ հաշվառման կանգնելու վերաբերյալ   գրանցումներն են: Ընդհանուր՝ 13 հազար 505 ակտ է գրանցվել: Միջպետական միգրացիոն տեղաժարժերի մասին ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչը հետեւյալ թվերը ներկայացրեց.

«Մեր երկրում հաշվառվել է 444 անձ, իսկ հաշվառումից հանվել է 680 անձ: Այսինքն, եթե մենք առաջնորդվելու լինենք այս անձնագրային համակարգով ստացված հաշվառման գործողություններով, մեր բնակչության թվաքանակի փոփոխությունը պիտի լիներ ընդամենը, մոտավորապես, 240 մարդու կարգի»:

Հայաստանում գրանցված 53 անձ եկել է Վրաստանից, 87-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից, 100-ը՝ Սիրիայից, 15 անձ Իրանից է եկել, Ուկրաինայից՝ 13, Ֆրանսիայից՝ 6, 8-ը եկել են Ղազախստանից, 2-ը՝ Բելոռուսից, 115-ը՝ ԼՂՀ-ից, 3-ը՝ ԱՄՆ-ից եւ 27-ը՝ այլ երկրներից: Կարինե Կույումջյանի փոխանցմամբ՝ ՀՀ հաշվառումից դուրս եկած 680-ից 184-ը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, 110-ը՝ ԼՂՀ, 112-ը մեկնել է ԱՄՆ, 32-ը՝ Ուկրաինա, 45-ը՝ Ֆրանսիա, 37-ը՝ Ղազախստան: Ուղեւորափոխադրումների տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է մուտք գործել 458 հազար 800 քաղաքացի, իսկ ելքը կազմել է 488 հազար 500 քաղաքացի: Մուտքերի եւ ելքերի հաշվեկշիռը, սահմանային գրանցումների համաձայն, կազմել է մինուս 29 հազար վեց հարյուր, այսինքն՝ այդքան մարդ չի վերադարձել Հայաստան:

«Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն՝ մուտքերի եւ ելքերի հաշվեկշիռը կազմել է մինուս 31 հազար 800, այսինքն՝ այդքանով ավելի շատ դուրս են եկել: Այս տարի որոշակի չափով նվազել են մուտքերն ու ելքերը»:

Ցուցադրել ավելի
Back to top button