Քաղաքական

Հայաստանը հետեւողականորեն աջակցում է «Միասնական Չինաստան» սկզբունքին

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից Հայաստանը հետեւողականորեն սկզբունքային դիրքորոշում է հայտնում եւ աջակցում է Չինաստանի համար բոլոր կարեւոր հարցերում, այդ թվում՝ «Միասնական Չինաստանի» սկզբունքին, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ընդունելով ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահն ասել է, որ այն շարունակում է Հայաստանի համար կենսական կարեւորություն ունենալ: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ ղարաբաղյան հարցում հավասարակշիռ դիրքորոշման եւ հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանն աջակցելու համար:

Զրույցի ընթացքում Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, նշել է, որ ապրիլի 22-24-ը Հայաստանում կայացած Գլոբալ ֆորումին եւ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցել են մոտ 60 երկրներից ժամանած 600 ավելի ներկայացուցիչ: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ եւ նշել է, որ մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին իրենց մասնակցությունն ունենալ այս պլատֆորմի ձեւավորմանը՝ հաշվի առնելով, որ խորհրդարանականները կարող են կարեւոր դեր ունենալ ցեղասպանությունների կանխարգելման գործում: 

Իր հերթին Ճեն Չանջը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով:

Ցուցադրել ավելի
Back to top button