Հասարակություն

Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 15 -ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

hasmikdilanyan
Հունիսի 15-ին, ժամը 12-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կհրավիրի՝ կառավարության նախաձեռնությամբ:  Օրակարգում ընդգրկված են  անհետաձգելի համարվող մի շարք նախագծեր: Իսկ մինչ այդ, այսօր էլ կառավարության հերթական նիստում  հաստատվել են հանրային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք  նախագծեր ու օրենսդրական փոփոխությունների փաթեթներ: Մասնավորապես, այս տարվա հուլիսի մեկից  ՀՀ-ում կբարձրանան զինվորական կենսաթոշակները: Կառավարությունն ընդառաջ է գնացել թանկարժեք մետաղների ու քարերի առևտրով զբաղվողներին ու օրենսդրական նոր լուծումներ առաջարկել: Հաստատվել  են նաև  2015-2016 ուս.  տարվա նախնական ու միջին մասնագիտական կրթության համար պետական ուսումնական հաստատություններում տրամադրվող  ընդունելության տեղերը, ուսուցամն իրականացվելու է  պետպատվերի շրջանակներում: Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի տեղակացմամբ, այս տարի հատկացվել է 9400 տեղ, ոլորտի պատասխանատուն նաև ուրախությամբ  նշել է, որ  վերջին տարիներին  նախնական ու միջին մասնագիտական կրթության նկատմամբ, հետաքրքրությունը մեծացել է: Կառավարության նիստից հետո անդրադարձ է  կատարվել  նաև էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացմանն ու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող աջակցությանը:

Հունիսի 17-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկելու է  Հայաստանի էլեկտրանա ցանցեր ընկերության՝ էլեկտրաէներգիիայի սակագինը բարձրացնելու հայտն ու ամենայն հավանականությամբ այս տարվա օգոստոսի մեկից էլեկտրաէներգիան կթանկանա 6,93 դրամով:  Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասարտյանն այսօր կառավարության նիստից հետո   կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց ,  որ վարչապետի հանձնարարականով վերլուծությունենր են կատարում, հաշվում , թե մեկ ընտանիքը միջինում որքան էլեկտրաէներգիա է սպառում: Ձմռանը  սպառումը կազմում է 325 կվտ ժամ, իսկ ամռանը՝ 180 կվտ ժամ: Ամսական կտրվածքով, յուրաքանչյուր ընտանիք ՀՀ-ում  200 կվտ ժամ էլեկտրաէներգիա է սպառում:  Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի փոխանցմամբ, այժմ հաշվարկներ են կատարում և էլեկտրաէներգիայի թանկացման հայտը հաստատելուց հետո արդեն պարզ կլինի, թե սոցիալապես անապահով ընտանիքներն ինչ աջակցություն կստանան:

Սա կառավարության նիստի օրակարգից դուրս, իսկ օրակարգում  ներառված ու հաստատված  նախագծերից մեկով, այս տարվա հուլիսի մեկից մեր երկրում զինվորական կենսաթոշակ ստացողների թոշակը կբարձրանա: Կենսաթոշակի հիմնական չափը կկազմի 16000 դրամ՝ նախկին 14000 դրամի փոխարեն, իս կ զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը  1500 դրամ՝ 1300 դրամի փոխարեն: Նախարարը հիշեցրեց,որ «Կենսաթոշակների շարունակական բարձրացումը գտնվում է կառավարության քաղաքականության գերակայությունների շրջանակներում և զինծառայողների կենսաթոշակը այս տարվա հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել միջինը 14 տոկոսով:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան.«Սպայական անձնակազմի զինվորակաների կենսաթոշակը կկազմի 90 հազար դրամ նախկին 78900 դրամի փոխարեն, սպայական անձնակազմի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 43280 դրամ՝ 37846 դրամի փոխարեն (աճը՝ 14.4 տոկոս), սպայական անձնակազմի 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 40852 դրամ՝ 35728 դրամի փոխարեն (աճը՝ 14.3 տոկոս), 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34028 դրամ՝ 29980 դրամի փոխարեն, իսկ 3-րդ խմբի հաշմանդամներինը կկազմի 22338 դրամ՝ 19756 դրամի փոխարեն»:

Հուլիսի 1-ից շարքային անձնակազմի (ԽՍՀՄ բանակի շարքային կազմ) 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 36000 դրամ՝ 31500 դրամի փոխարեն, շարքային անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 26000 դրամ՝ 23100 դրամի փոխարեն, 3-րդ խմբի հաշմանդամներինը կկազմի 18000 դրամ՝ 15750 դրամի փոխարեն: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի հաշմանդամի համար կազմի 36000 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 26000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 18000 դրամ: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կկազմի 24 հազար դրամ՝ 21000 դրամի փոխարեն, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 80000 դրամ:
Զինվորական կենսաթոշակ ստանում է շուրջ 35 հազար մարդ:

Թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի առևտրով զբաղվողների դժգոհությունների ձայնն էլ  հասավ կառավարություն: Հիշեցնենք, Շրջանառության հարկի դեմ պայքարող առևտրականների մեջ մեծ թիվ էին կազմում վերը նշված առևտրով զբաղվողները, ովքեր պարբերաբար պնդում էին, որ իրենց  անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել:

Կառավարությունում խոստացել էին քննարկել հարցը, և ահա այսօր՝  հաստատվեց արձանագրային որոշում՝ «Արտոնագրային վճարի մասին»  օրենքի նախագիծը, որով  թանկարժեք մետաղների առևտրով զբաղվողների համար սահմանվեց  հաստատագրված արտոնագրային վճար: Գումարը կախված է  լինելու սեղանիկի չափից ու սպառման ծավալներից,   ի դեպ,  շրջանառվող գումարը 115 մլն դրամը պետք է չգերազանցի: Սա առավելագույն այն շեմն է, որը սահմանված է  շրջանառության հարկ վճարողների համար: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ  Էմիլ Տարասյանի տեղեկացմամբ, եթե շրջանառությունն ավելին լինի  115 մլն դրամից, ապա տնտեսվարողը կանցնի ընդհանուր հարկման դաշտ՝ հարկվելով՝  ԱԱՀ –ով:  Հարկման սխեման մայրաքաղաքում ու մարզերում տարբեր է

Էմիլ Տարասյանի փոխանցմամբ, ողջ հանրապետությունում թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի 1500 սեղանիկ կա, դաշտում գործում է 1200 տնտեսվարող: Փոխնախարարը  վստահեցրեց, որ սեղանիկները մասնատելու կարիք չի լինի, Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց օրենսդրական փոփոխությունը, քանի որ այն  ոսկեգործությանն զարգացմանն է օժանդակելու.

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ եթե խնդիրը դիտարկվեր շրջանառության հարկի տեսանկյունից, ապա ոլորտը կանցներ 5 տոկոս հարկման դաշտ: Ուստի կառավարությունն առաջարկել է ոլորտը զարգացնելու հնարավորություն տալ ոսկու շուկայի մասնակիցներին, իսկ ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները պետք է հարկային ու մաքսային օրենսգրքի նախագիծը քննարկելիս դիտարկեն այս ամբողջ շղթան և միանգամից օրենսդրական լուծում տան»:

 

Գումարային հատկացումների մասին, Ռադիոզիոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ-ին  բյուջետային վարկ տրամադրելու նպատակով կառավարությունը  առողջապահության նախարարությանը գումար հատկացրեց, ընդորում լրացուցիչ սարքավորումներ ձեռք բերելու և  Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի առաջին փուլը ավարտելու համար  տրամադրեց  254 մլն 700 հազար դրամ, իսկ ՑԻԿԼՈՆ 1818 հիմնական սարքավորման տեղափոխման, տեղադրման և ներմուծման սարքերի պահպանման համար տրամադրեց շուրջ 16 մլն դրամ:  Նախորդ բյուջետային վարկի՝ մեկ մլրդ  100 միլիոն դրամի  մարման ժամանակահատվածը  սահմանվեց 2019թ հունիս ամիսը:

2009թ սկսած ամեն տարի կառավարությունը Ջերմուկում պայքարում է մոծակների դեմ: Այս տարի գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի 15 մլն դրամ, 2014թ՝ 4 մլն 576.3 հազ. Դրամի փոխարեն, իսկ  Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհատույց   հատկացվեց  1 մլրդ դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button