Հասարակություն

Պետք է պատժել երեխային կրթության իրավունքից զրկող ծնողներին. Անահիտ Բաշխյան

sonahakobyan
ՀՀ ոստիկանությունը  Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի գլխավորությամբ հունիսի 6-ին Դիլիջանում հայտնաբերեց հետախուզման մեջ գտնվող անձանց, այդ թվում 7 ամիս կրթությունից զրկված 8-ամյա երեխային: Նույն վայրում է հայտնաբերվել ևս մեկ ընտանիք, որը ևս որոնման մեջ էր: Այս անձինք ոչ միայն թաքնվում էին արտաքին աշխարհից, այլև ծնողնրերի՝ ավելի կոնկրետ՝ հայրերի քմահաճույքով անչափահաս երեխաները զրկվել են կրթություն ստանալու իրավունքից: Իհարկե թաքնվողները փաստացի հայտնաբերվել են, բայց պատասխանատվության չեն ենթարկվել ինչպես հարկն է, այսօր ասել է «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը: Ըստ նրա դա օրենքի բացն է, որը լրամշակման կարիք ունի:

 

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2014 թվականի դեկտեմբերին Արփինե Հարությունյանը դիմեց ոստիկանության Կոտայքի բաժին՝ հաղորդելով, որ իր դուստրը 8-ամյա Անի Ասրյանը գտնվում է հոր՝ Արարատ Ասրյանի մոտ, սակայն նրանց գտնվելու վայրը մորը հայտնի չէ: Ոստիկանությունը սկեց որոնողական աշխատանքները: Սակայն ապարդյուն: Հուսահատ մայրը մոտ 2 ամիս առաջ էլ դիմեց Երևանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանին օգնության խնդրանքով: Հունիսի 4-ին Անահիտ Բախշյանն իր հերթին Ոստիկանություն է դիմում հայտարարությամբ, թե անհետացել է անչափահաս երեխա: Վերջապես հունիսի 6-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի գլխավորությամբ Դիլիջանում հայտնաբերվեցին ոչ միայն Արարատ և Անի Ասրյանները, այլև ևս 5 հոգանոց ընտանիք: Պարզվում է Անի Ասրյանի որոնումներին զուգահեռ իր դստերն էր փնտրում ևս մի քաղաքացի Վարդուհի անունով: Պարզապես ի տարբերություն Անիի, Վարդուհու դուստրը՝ Անժելան ամուսնացած էր և ուներ 3 երեխա:

Անահիտ Բախշյանի վրա ամենամեծ ազդեցությունը թողել է Անի Ասրյանի պահվածքը: Ուղիղ յոթ ամիս շարունակ գտնվելով միայն հոր ազդեցության ներքո, փոքրիկ Անին պարզապես թշնամաբար էր տրամադրված մոր նկատմամբ:

Բացի այն, որ հայրը երեխային փաստացի գողացել էր մորից, նա պատասխանատվություն է կրում նաև երեխային կրթության իրավունքից զրկելու հարցում: Ի դեպ, Ծնողների կոնֆլիկտի հիմնական պատճառն էլ հենց դա է եղել: Մայրը ցանկացել է երեխային դպրոց տանել, իսկ հայրն արգելել է:

Քանի որ քրեական օրնսգրքում չկա կրթությունից զրկելու պատիժ, Անահիտ Բախշյանը կարծում է, որ սա թյուրիմացություն է և օրենքն այս առումով լրամշակման կարիք ունի: Հայրը պնդում է, թե ինքը ինչպես հարկն է դաստիարակում է դստերը, իսկ օրենքն ու սահմանադրությունը խոսում են կրթության իրավունքի մասին: Կրթության իրավունքից, ի դեպ, զրկված են նաև մյուս ընտանիքի երեխաները և դարձյալ հոր քմահաճույքով:

Անահիտ Բախշյանը ևս մեկ անգամ դիմելով  իրավապահ մարմիններին՝ պահանջում է վերանայել օրենքը և համապատասխան պատիժ սահմանել երեխային կրթության իրավունքից զրկող ցանկացած ծնողի նկատմամբ:

Back to top button