Տնտեսական

Արցախում էկո-տուրիզմի առաջխաղացման գործնական քայլեր են արվում

sonahakobyan
Արցախում էկոգյուղերի ստեղծման ու էկո-տուրիզմի առաջխաղացման գործնական քայլեր են արվում: Պատարա, Աստղաշեն և Խնձորիստան գյուղերում ստեղծված էկո-երթուղիների շնորհիվ ոչ միայն էկոտուրիզմը կզարգանա, այլև «կանաչ» ապրելակերպը կդառնա եկամտաբեր ու կապահովի եկամուտներ տեղի բնակչության համար: Ծրագիրն իրականացրել են «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն», «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»,  «Էկոգյուղ» և «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ները: Կազմակերպությունների ղեկավարները չեն բացառել, որ ծրագրի արդյուքնում զբոսաշրջիկների մեծ թվով պայմանավորված  ծառայություններն առավել մատչելի  կարող են դառնալ:

Արցախի Պատարա գյուղը հայտնի է իր 200-ից ավելի հաշվառված հուշարձաններով. այն հայկական լեռնաշխարհի տարածքում հուշարձանների խտությամբ 3-րդ բնակավայրն է: Աստղաշենում էլ գտնվում են միլիոնավոր տարիների ընթացքում պահպանված բրածո ծովաշուշանները, որոնք աստղերի ջևով երևան են գալիս հողի մակերեսին: Իսկ Խնձորիստան գյուղից հնարավոր է արշավներ կազմակերպել դեպի պատմական Կաչաղակաբերդ:

Այս գյուղերը միշտ էլ աչքի են ընկել զբոսաշրջիկների մեծ թվով, բայց եթե նախկինում առանց ուղեկցորդի այս պատմամշակութային վայրեր այցելողները կարող էին հեշտությամբ մոլորվել, ապա այսուհետ յուրաքանչյուր այցելու կարող է ինքնուրույն կողմնորոշվել տեղանքում և վայելել ակտիվ հանգիստը: «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն»-ի, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի»,  «Էկոգյուղ» և «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ների միասնական ուժերով Արցախում էկոգյուղերի ստեղծման ու էկո-տուրիզմի առաջխաղացման գործնական քայլեր են արվում:

Նախագծի շրջանակներում  կազմակերպվել են էկոճամբարներ, դասախոսություններ, հետազոտական աշխատանքներ: Բացի այդ ստեղծվել են երթուղիներ էկոտուրիզմի համար, տեղադրվել են ուղեկցող և տեղեկատվական ցուցանակներ տարածքի կենսաբազմազանության և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ,  լրագրողների հետ զրույցում նշեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ Արսեն Գասպարյանը:

Ի դեպ, այս գյուղեր ուղևորվելիս զբոսաշրջիկները կարող են օգտվել ամենատարբեր ծառայություններից՝ դրանց համապատասխան գներով:

Չնայած հյուրանոցային հարմարավետություններին, այս երթուղիները հիմնականում նախատեսված են այն զբոսաշրջիկների համար, ովքեր նախընտրում են ակտիվ հանգիստը՝ ուսապարկերով և վրաններում գիշերելով, նկատեց  «Էկոգյուղ» ՀԿ նախագահ Եվա Հարությունյանը:

Նշենք, որ էկոգյուղերի հիմնական նպատակն է պահպանել կենսաբազմազանությունը, և «կանաչ» ապրելակերպը տեղի բնակչության համար դարձնել եկամտաբեր:

Ցուցադրել ավելի
Back to top button