Հասարակություն

Նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:  Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Անդրադառնալով տոնի խորհրդին՝ Վարդան Սրբազանն իր քարոզում նշել է, որ  բոլորը միասնաբար հավաքվել են տոնախմբելու աստվածատեսիլ և աստվածակառույց Մայր Տաճարի` համայն հայության հոգևոր կենտրոնի հաստատման տոնը:

«Երեկ մենք` իբրև քրիստոնյա ազգ, իբրև Հայոց Եկեղեցի, տոնեցինք մեր հավատքի հայր Ամենայն Հայոց Առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի խոր վիրապի անդնդային խավարից …դուրս գալու և Աստծու Լույսն ի Հայաստան աշխարհի սփռելու հիշատակը: Եվ այսօր Արարատյան շաբաթն ավարտվում է Սուրբ Էջմիածնի` այս Կաթողիկեի 303 թվականին հաստատման հիշատակությամբ: Մեր հավատքի հայրը` Ս. Գրիգոր Լուսավորիչը, դուրս գալով Խոր վիրապի գբից, ոչ միայն աղոթքով բժշկեց արքային, ոչ միայն սրբազան կույսերի սրբազան մասունքներն ամփոփելով վկայարաններ կառուցեց, այլ նաև հայոց արքայի հետ միասին լծվեց աստվածային տեսիլքի, որի համաձայն, Հիսուս մեր Տեր և Փրկիչ Համբարձումից հետո երկիր էր իջել ցույց տալու Կաթողիկե Սուրբ Էջմիածնի` Հայ Եկեղեցու Հայրապետության հիմնադրության վայրը, որի վրա հայրապետ և թագավոր, համայն ժողովրդին համախմբելով, կառուցեցին այն Տաճարը, որի հիմերի վրա դարեր շարունակ հայրապետներ և թագավորներ, իշխաններ և ռամիկներ եկան իրենց աղոթքը, իրենց արցունքը, իրենց քրտինքը միախառնելու այս քարեղեն շինվածքին` այն վերածելով Տիրոջ և մարդու հանդիպման վայրը»:
Սրբազանը նշել է, որ հայ ժողովուրդն աշխարհի, որ անկյունում էլ որ ապրի, իր հայացքն ու հոգին, իր միտքն ու սիրտը մշտապես հառում է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: «Սուրբ Էջմիածինը երբեք չեղավ քարեղեն ու նյութական շինություն. Աստծու արարչագործությամբ մարդը դարձավ եկեղեցի, և մենք` յուրաքանչյուրս, ըստ Պողոս առաքյալի, Կենդանի Աստծու տաճարն ենք: Սիրելի հավատացյալներ, մենք և դուք ենք Հայոց Եկեղեցին: Մենք ամենքս այս նյութեղեն տաճարում պիտի կազմենք հոգևոր տաճարը, մենք ամենքս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեջ մեր տեղը պիտի գտնենք, որովհետև հավատում ենք, որ եկեղեցին Աստծու աղոթքի տունն է»,- ասել է պատարագիչ Վարդան Սրբազանը` հորդորելով բոլորին, որպեսզի Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի միջոցով ամենքը վերանորոգեն իրենց ուխտն Աստծու հետ:
Սրբազան արարողությանը մասնակցել են Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գործադիր վարչության անդամները, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:
Պատարագի ավարտին, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է նաև մաղթանք Ս. Էջմիածնի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, պայծառության ու բարօրության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button