Հասարակություն

Միայն ազգի դավաճանը կարող է խոսել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից. Սադոյան

arminegevorgyan
Հանրային խորհուրդն ուսումնասիրել է ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման համար ներկայացված փաստաթղթերը և որևէ հիմք չի գտել՝ սակագինը բարձրացնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

 

«Միայն զանգվածային ճնշումները Հայաստանի իշխանություններին թույլ չեն տա թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ճնշում պետք է գործադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա»,-համոզված է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Վերջինս նշում է, որ ՀԷՑ-ը  հանրային խորհրրդին 56 էջից բաղկացած փաստաղթերի տրցակ է ներկայացրել, որտեղ որևէ կերպ  հիմնավորված չի եղել, թե ինչու պետք է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա: Ավելին, հանրային խորհուրդը ցանկացել է ստանալ նաև աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատավարձի մասին տեղեկանք, բայց պարզվել է, որ ՀԷՑ -ում այդ մասին որևէ տվյալ չկա:

«Մանրամասն ուսումնասիրել ենք բոլոր նյութերը, բոլոր բարդ թվերը ու այսօր կարող եմ ասել, որ մի կոպեկ անգամ չի կարելի թանկացնել, դա հակատնտեսական է Հայաստանի համար: Հայտարարում եմ, որ փաստաթղթերում որևէ բան հիմնավորված չէ: Պետք է պատասխանատվություն կրեն ինչպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այնպես էլ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության պատասխանատու անձինք, քանի որ անում են ամեն ինչ, որպեսզի ռուսական ընկերությունները հարստանան»:

Արշակ Սադոյանը ասում է, որ եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը ուսումնասիրի  այդ ամբողջ փաստաթղթերը, ապա կտեսներ, սակագինը ոչ թե պետք է բարձրացնել, այլ՝ նվազեցնել: Արշակ Սադոյանը ևս մեկ անագամ հիշեցնում է, որ ՀՀ էներգետիկ համակարգը գտնվում է հիմնականում ռուսական իշխանությունների ձեռքերում, բնական է, որ Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի հնարավորինս մեծ շահույթներ ստանալ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ծառայում է ոչ թե հայ ժողովրդին, այլեւ օտար ուժերին, ու միայն ազգի դավաճանը կարող է գնալ նման քայլի. այս պահին խոսել թանկացումից»,-ասաց Արշակ Սադոյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button