Խորհրդարանն այսօր մերժեց ՀԱԿ-ի հեղինակած որոշման նախագիծը


Խորհրդարանն այսօր սկսել է 7-րդ նստաշրջանի վերջին քառօրյայի աշխատանքը: Մինչև քննարկումներին անցնելը՝ պատգամավորները հաստատել են չորսօրյա նիստերի օրակարգը: Ձայների 45 կողմ, 62 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվել է ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն ուղարկել ՀՀ դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու եւ մեղավորներին պատժելու նպատակով: ՀԱԿ պատգամավորներն առաջարկ ունեն նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ուսումնասիրել փաստաթուղթը և երկշաբաթյա ժամկետում մշակել ու ներկայացնել սակագնի նվազեցման, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ծրագիր:
Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ գլխավոր դատախազի ներկայությամբ քվեարկությունը ինքնատիպ թեսթ կլինի, թե որքանով է ռեալ չարաշահումներին ընթացք տալու պատրաստակամությունը:
Իսկ գլխավոր Դատախազը խորհրդարանում է, քանի որ ԱԺ-ն այսօր շարունակելու է 2014թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը: Այն սկսվել ու անավարտ էր մնացել դեռևս նախորդ քառօրյայի ընթացքում: Այսօր սպասվում են պատգամավորների ելույթներն ու խմբակցությունների դիրքորոշումները:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախորդ շաբաթ խորհրդարանում հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ կլինի մինչև հունիսի 10-ը, մինչդեռ խորհրդարանում սակագնի բարձրացման թեմայով լսումները նախատեսվում են հունիսի 12-ին: Հնարավո՞ր է, որ հանձնաժողովը լսումներից առաջ որոշում կայացնի՝ հետաքրքվել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: ԱԺ նախագահը գրեթե բացառել է այդ հնարավորությունը :
Իրավիճակը պարզաբանել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը. առաջիկա օրերին հանձնաժողովը կարող է ներկայացնել իր եզրակացությունը, բայց ոչ որոշումը: Այն, ըստ օրենսդրությամբ նախատեսված ժամկետների, կարող է կայացվել հունսի 17-18-ին ասել է՝ Վարդան Այվազյանը: