Միջազգային

Թուրքիան կոալիցիոն կառավարության շեմին

marlenahovsepyan

Էրդողան. Ընտրությունները միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորություն չեն տալիս

Ընտրությունների արդյունքները, փաստորեն, ոչ մի քաղաքական ուժի միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորություն չեն տալիս, տարածած հայտարարության մեջ նշել է Թուրքիայի նախագահը։ «Մեր ժողովրդի գնահատականը վեր է ամեն ինչից: Հավատ ունեմ, որ ընտրապայքարին մասնակցած բոլոր կուսակցությունները ողջամիտ և իրատեսական դիրքորոշումներ հանդես կբերեն Էրդողանի խոսքերն է մեջբերում Ermenihaber- ը՝ վկայակոչելով «HaberTurk» լրատվական ծառայությանը։

Միաժամանակ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում»  կուսասկցությունը պատրաստ է նոր կոալիցիոն կառավարության ձևավորման, սակայն կրկնակի խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը դեռ վաղ է համարում։ TRT Haber-ի փոխացմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը թուրքական ընդդիմության՝ կոալիցիոն կառավարության մաս կազմելուց հրաժարվելու որոշումն անվանել է շուտափույթ: Ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը քննարկելու համար Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր հրավիրել է նախարարների կաբինետի արտահերթ նիստ։

Ընդդիմությունը կոալիցիայի մաս չի ուզում կազմել

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել էր, որ իրենք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  հետ ոչ մի դեպքում կոալիցիա չեն կազմի։ Դեմիրթաշը կուսակցության ստամբուլյան գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ  նշել է, որ թեև նախընտրական քարոզարշավը բոլորովին ժողովրդավարական պայմաններում չի անցել, բայց Թուրքիայի աղքատ և աշխատավոր զանգվածը հրաշալի հաղթանակ է տարել իշխող կուսակցության նկատմամբ, որն օգտագործում էր իր բոլոր վարչական ռեսուրսները:

Դեմիրթաշն ընդգծել է, որ «այս հաղթանակը Թուրքիայի բոլոր թուրքերի, քրդերի, բոլոր ազգային փոքրամասնությունների, բոլոր ճնշվածների, ընդհանուր առմամբ՝ բոլոր ձախերի, և հատկապես բոլոր կանանց համատեղ հաղթանակն է: Այս հաղթանակը միայն ԺԴԿ-ինը չէ, ողջ Թուրքիայինն է: Հաջորդ շրջանում պայքարելու ենք միանձնյա իշխանության գալու համար»,- հայտարարել է Դեմիրթաշը։

Էրդողանի գլխավոր ընդդիմախոսը՝ Ֆեթուլահ Գյուլենը նրան փարավոն է անվանել

Գյուլենական շարժման առաջնորդ և իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ Ֆեթուլահ Գյուլենը, ով առճակատման մեջ է Թուրքիայի ներկայիս իշխանությունների ու մասնավորապես երկրի նախագահ Էրդողանի հետ, մեկնաբանել է հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած 25-րդ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Թուրքական «Sozcu» լրատվականի տեղեկացմամբ` Գյուլենն իր մեկնաբանությունը հասցեագրել է Էրդողանին` նրան համեմատելով փարավոնի հետ:

«Պատմական գիտակցություն և խաղաղության ոգի» անվամբ ուղերձում, Գյուլենը մասնավորապես նշել է, որ ոչ մեկ հավերժ բազմած չի մնում աթոռին, այսօր իշխանության գահին բազմած մարդիկ, վաղը կարող են իշխանազրկվել:«Ովքեր այսօր զոհաբերում են սեփական ժողովրդին, վաղը իրենք են զոհաբերվելու: Փարավոնը  նույնպես իրեն շատ ուժեղ էր համարում: Սակայն  Մովսես առաքյալը նրան պարտության մատնեց: Փարավոնը զղջած իր արարքների համար, բայց  արդեն ուշ էր»,- Գյուլենի ուղերձից մեջբերում է արել Ermenihaber- ը։

Ցուցադրել ավելի
Back to top button